Գերմանիան ավելի քան 5 միլիոն եվրոյի տուգանել է Telegram-ին

Գերմանիան 5,125 միլիոն եվրոյի տուգանել է հաղորդագրությունների փոխանակման Telegram հավելվածի օպերատորներին՝ երկրի օրենքները չկատարելու համար, հայտնում է Reuters-ը։

Արդարադատության դաշնային գերատեսչությունը հայտարարել է, որ Telegram FZ-LLC-ն անօրինական բովանդակության մասին հաղորդելու օրինական միջոց չի հաստատել եւ չի նշել Գերմանիայում գտնվող կազմակերպությանը՝ պաշտոնական ծանուցումներ ստանալու համար, ինչը պահանջվում է գերմանական օրենսդրությամբ:

Գերմանացի պաշտոնյաներն ասել են, որ իրենք բազմիցս չեն կարողացել փաստաթղթեր փոխանցել Դուբայում Telegram-ին՝ չնայած Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների աջակցությանը:

Այս տարվա սկզբին Գերմանիայի դաշնային ոստիկանությունը նախազգուշացրել էր, որ հավելվածը դառնում է «արմատականացման միջոց», որը ոմանք օգտագործում են քաղաքական գործիչների, գիտնականների եւ բժիշկների վրա հարձակվելու համար՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում նրանց դերի համար:

«Հաղորդագրությունների փոխանակման ծառայությունների եւ սոցիալական ցանցերի օպերատորները հատուկ պատասխանատվություն են կրում իրենց հարթակներում ատելության խոսքին եւ բռնությանը հակազդելու համար»,- ասվում է արդարադատության նախարար Մարկո Բուշմանի հայտարարության մեջ:

Աղբյուրը՝   news.am