Հաջորդ տարի Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը շատ ավելի կվատթարանա

Թեեւ այս ձմռանը Եվրոպայում պետք է բավարար գազ լինի՝ էլեկտրամատակարարման եւ ջեռուցման համար, ամենամեծ մարտահրավերը կառաջանա 2023 թվականին, երբ մատակարարումները վերջանան: Այս մասին հայտարարել է Կատարի էներգետիկայի նախարար, Qatar Energy պետական գազային ընկերության ղեկավար Սաադ ալ-Քաաբին։

Հաջորդ տարի «շատ ավելի վատ» կլինի, եթե դաժան ձմեռ լինի, ասել է նա՝ նշելով, որ էներգետիկ ճգնաժամը կարող է տեւել մինչեւ տասնամյակի կեսը, եթե Ուկրաինայում պատերազմը շարունակվի, եւ գազը չսկսի հոսել։

«Իրականում խնդիրը հաջորդ տարվա համար պաշարները կամ պահեստները համալրելն է։ Հաջորդ տարի եւ մեկ տարի հետո՝ մինչեւ 2025 թվականը, սա խնդիր է լինելու»։

Եվրոպական մի քանի երկրներ բանակցություններ են վարել Կատարի հետ, որը հեղուկ բնական գազի աշխարհի խոշորագույն արտահանողն է: Սակայն Ալ-Քաաբին զգուշացրել է, որ չի կարող պատկերացնել այնպիսի ապագա, որում ռուսական գազն ընդհանրապես չի հասնի Եվրոպա:

«Եթե դա այդպես լինի, ապա կարծում եմ, որ խնդիրը կլինի հսկայական եւ շատ երկար»,- ասել է նա։ «Դուք բավականաչափ ծավալ չունեք այս գազը երկարաժամկետ հեռանկարում փոխարինելու համար»։

Ըստ Bernstein Research-ի տվյալների՝ Եվրոպայում ամբողջ ռուսական գազի փոխարինման համար կպահանջվի տարեկան 112 մլն տոննա ՀԲԳ, որն այսօր կազմում է ամբողջ շուկայի մոտ մեկ երրորդը:

Կատարը, որն ավանդաբար իր հեղուկ բնական գազի 70 տոկոսը մատակարարում է ասիական հաճախորդներին երկարաժամկետ ֆիքսված պայմանագրերով, ասել է, որ կարող է իր ընթացիկ ծավալի միայն 10-15 տոկոսն ուղարկել Եվրոպա, քանի դեռ նոր նախագծերը չեն հայտնվել առցանց:

Ալ-Քաաբին հավելել է, որ Կատարի գազի վերաբերյալ եվրոպական բանակցությունները «մեծ մրցակցություն» են ստեղծել ասիական ներկրողների համար, որոնք ցանկանում են ապահովել երկարաժամկետ մատակարարումներ, քանի որ Կատարն ընդլայնում է իր արտադրությունը:

Աղբյուրը՝   news.am