Արտաշատում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքները գտնվում են համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում

Համայնքապետարանում ամենօրյա աշխատանքներ են տարվում խնդիրը կարգավորելու ուղղությամբ:
Այս նպատակով օրերս մեր աշխատակիցները Արտաշատի ոստիկանության հետ համատեղ շրջայցեր են իրականացրել համայնքում: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտուր իրականացնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում, ինչը բացի փողոցների տեսքը փչացնելուց, նաև խոչընդոտում է մարդկանց երթևեկությունը՝ առաջացնելով բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը:
Հսկողությունը մասնավորապես խստացվել է գյուղմթերքի առևտրի հետ կապված, քանի որ շատ վայրերում առևտուր է իրականացվում սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Շրջայցի ընթացքում արձանագրված խախտումների համար նախազգուշացումներ են տրվել անբարեխիղճ տնտեսվարողներին, իսկ դրանք կրկնվելու դեպքում՝ կկիրառվեն վարչական տուգանքներ:
Մեկ անգամ ևս մեր քաղաքացիներին հորդորում ենք՝ բացօթյա առևտուր իրականացնել բացառապես նախատեսված վայրերում և պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը:
Նշենք նաև, որ համայնքում շրջայց-ստուգտեսները կրելու են շարունակական բնույթ: