Դեպի Հայաստան դրամական փոխանցումների աննախադեպ ցուցանիշներ են գրանցվում
Այս տարի արտասահմանից Հայաստան աննախադեպ ծավալի տրանսֆերտներ են հոսում։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2022 թվականի առաջին ութ ամիսներին ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են փոխանցել, ընդհանուր առմամբ, 2 մլրդ 910 մլն դոլար։ 2021 թվականի նույն ամիսների համեմատ այն աճել է 1 մլրդ 570 մլն դրամով կամ 2.2 անգամ։ Միայն Ռուսաստանից ութ ամիսների ուղարկվել է մոտ 1 մլրդ 902 մլն դոլար, աճը՝ 3.5 անգամ։ Սովորաբար, արտասահմանից Հայաստան ուղարկվող գումարների հիմնական և գլխավոր աղբյուրը Ռուսաստան է, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները, որոնք փող են ուղարկում Հայաստանում գտնվող իրենց հարազատների։
Այս անգամ ևս արտասահմանից հոսող տրանսֆերտների աճը պայմանավորված է Ռուսաստանից եկող գումարների ավելացմամբ, սակայն դրանք արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարները չեն։ 2022 թվականի սկզբին ռուս-ուկրաիանական պատերազմի սկսվելուց հետո՝ փետրվար-մարտից ռուսաստանցիների նկատելի հոսք գրանցվեց դեպի Հայաստան։ Փողի հասցեատերը հենց այդ ռուսաստանցիներն են։ Վիճակագրությունը փաստում է, որ ամսական կտրվածքով տրանսֆերտների ներհոսքը սկսել է տեսանելիորեն աճել մարտից սկսած՝ այն ժամանակվանից, երբ ռուսաստանիցները ժամանեցին Հայաստան, բայց ոչ թե որպես պարզապես զբոսաշրջիկներ, այլ՝ ավելի երկար կամ անորոշ ժամանակահատվածով մնալու նպատակով։ Ինֆոգրաֆիկայում Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա առանձնացրել ենք ոչ միայն Ռուսաստանից, այլև՝ առհասարակ արտասահմանից Հայասատն դրամական փոխանցումները այս տարվա ութ ամիսներին՝ ըստ առանձին ամիսների, ինչպես նաև՝ նախորդ տարվա նույն ամիսներին։ Նարնջագույնով նշված են այս տարվա ամիսները, որոնք անզեն աչքով էլ ցույց են տալիս այս տարվա աճը։
Ինչպես նշեցինք վերևում, այս տարվա տրանսֆերտների ներհոսքը աննախադեպ է և արդեն կարելի է պնդել, որ տարեկան ամփոփ արդյունքերով 2022-ը գերազանցելու է ոչ միայն վերջին տասը, այլև՝ անկախ Հայաստանի պատմության մեջ գրանցված արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների բոլոր ժամանակների ցուցանիշները։ 2022 թվականից առաջ վերջին տասը տարիներին տրանսֆերտների ամենաբարձր ներհոսքը գրանցվել է 2013 թվականին, ամենացածրը՝ 2016 թվականին։ 2016-ի անկումը կրկին պայմանավորված էր Ռուսաստանի գործոնով, որտեղ գրանցված տնտեսական անկումը շղթայաբար ազդեց նաև դեպի Հայաստան տրանսֆերտների վրա։ Դրանից հետո տրանսֆերտների աճ է գրանցվել մինչև 2020-ի անկումը, երբ կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում տնտեսությունը բացասական միտումներ գրանցեց։ Միաժամանակ, Հայաստանից ևս գումար են արտահոսում արտերկիր։ Օրինակ՝ 2022 թվականի առաջին ութ ամիսներին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից արտասահման են փոխանցել 1.5 մլրդ դոլարի ահամարժեք գումար, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ երկու անգամ։ Արտահոսքի գծով ևս 2022 թվականը աննախադեպ է լինելու, քանի որ ութ ամիսներին արդեն գերազանցել է նախորդ տասը տարիների տարեկան ցուցանիշները։
Տրանսֆերտները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար։ Վերջին տասը տարիներին տրանսֆերտները համարժեք են եղել Հայաստանի ՀՆԱ-ի 14-21%-ին։ Այդ գումարները աշխուժացնում են տնտեսությունը՝ առևտուրը, ծառայությունները, անշարժ գույքի շուկան և այլն։ Դրանց նվազումը անմիջապես հանգեցնում է այդ գումարներով ապրող ընտանիքների կենսամակարդակների նվազմանը, իսկ աճը՝ հակառակ ազդեցությունն ունենում։ Մյուս կողմից էլ՝ տրանսֆերտների մեծ ներհոսքը երբեմն «թմրանյութ» է դառնում տնտեսության համար և կախվածություն առաջացնում։ Որքանով ենք մոտ այս իրավիճակին, դեռևս ժամանակը ցույց կտա։