Հայաստանում ներդրում անել ցանկացող սփյուռքահայերի թիվն ավելի մեծ է, քան 2019 թվականին էր. Սինանյան

Սփյուռքի մի շարք գործարարներ, ընկերություններ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեն:  Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ այդ թիվն ավելի մեծ է, քան 2019 թվականին է եղել:

Նրա խոսքով` ներդրումները հիմնականում բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտների հետ  են կապված:

«Այդ ընկերությունների մոտ Հայաստանի ապագայի նկատմամբ բարձր վստահության մակարդակ կա, այլապես ընկերությունները ներդրում չեն անի մի տեղ, որի ապագային չեն հավատում»,-ասաց Սինանյանը:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել:

Աղբյուրը՝   armenpress.am