Հայաստանում 2023 թվականից փուլային տարբերակով կներդրվի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգը

Հայաստանում 2023 թվականից մինչև 2025 թվականը կներդրվի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը թույլ կտա ձևավորել հարմարավետ միջավայր և գործիքակազմ`ֆիզիկական անձանց եկամուտների և դրանցից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հաշվառելու, ինչպես նաև եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունները ինքնուրույնաբար կատարելու համար:  

 Նոյեմբերի 17-ի կառավարության նիստում  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: «Հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Հայտարարատուն, հարկային մարմնի կողմից տրամադրված նույնականացման տվյալներով մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, հնարավորություն ունի  այնտեղ իր համար նախալրացված հայտարարագիրը ստուգելու, անհրաժեշտության դեպքում կատարելու  փոփոխություններ և լրացումներ, ապա  հաստատելու հայտարարագրերի վերջնական տարբերակը»,-ասաց նախարարը:

Հանդիսանում են բաժնետեր մի կազմակերպությունում, որի եկամուտները 2022 թվականի արդյունքներով գերազանցել են 1 միլիարդ դրամը: 2023 թվականից հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք 2022 թվականի ընթացքում ստացած կլինեն 20 միլիոն դրամ և ավելի վարկեր և փոխառություններ: 2024 թվականին հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ: 2025 թվականի համար հայտարարագրող են հանդիսանալու բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերի մեջ չեն»,-նշեց Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ  2025 թվականի արդյունքներով արդեն կարելի է համարել,  որ  համակարգում ներառված են բոլոր հայտարարատու քաղաքացիները:

Նախարարը նշեց նաև, որ  հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսվելու է պատասխանատվություն, որի չափի հարցը կքննարկվի Ազգային ժողովում:

«ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությունը կքննարկվի արագացված ընթացակարգով»,-հավելեց նա:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ համակարգի ներդրումը շատ կարևոր քայլ է: «Նման քայլերի տրամաբանությունը բխում է մեր գաղափարական այն արձանագրումից, որ պետությունը  կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների` պետություն ունենալու կամքի առկայության վրա»,-ասաց վարչապետը:

Աղբյուրը՝   armenpress.am