Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 6-ին ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 6-ին ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR Armenia/ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին և կազմակերպության այլ աշխատակիցների։ Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտակարգ իրավիճակների պարտրաստվածության հարցերով ավագ համակարգող Բարբ Վիգլին, նաև՝ ներկայացուցիչ «UNICEF Հայաստան»-ից։
Հյուրերը ներկայացրեցին կազմակերպության գործունեությունն ու ընթացիկ աշխատանքները։
Այնուհետև հետաքրքրվեցին սույն թվականի սեպտեմբերի 13-14-ի պատերազմական գործողությունների հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով, սահմանային ու վնաս կրած բնակավայրերում մարդկանց կարիքներով, տեղահանված անձանց վերադարձի պատկերով և այլ հարցերով։
Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնց առերեսվում են տուժած բնակավայրերն ու առհասարակ մարզը հետպատերազմական իրավիճակում։ Մարզպետը նշեց գյուղատնտեսությամբ զբաղվելու անհնարինության պայմաններում սահմանային գյուղերում տնտեսության վերակազմավորման անհրաժեշտության մասին, ներկաների հետ քննարկեց առողջապահական, կոմունիկացիոն, մարդկանց անվտանգությանն առնչվող ու այլ հարցեր։
ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչները նաև ցանկացան տեղեկանալ, թե որքանով են մարզի բնակավայրերը պատրաստ արտակարգ իրավիճակներին, ու այս համատեքստում ինչով կարող է կազմակերպությունն աջակցել մարզին։
Պատասխանելով նշված հարցերին՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ-ի մարդասիրական գործունեության համար, մասնավորապես բարձր գնահատեց Սյունիքում կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները և շարունակական ու արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։