Շատ իրատեսական է, որ տարին 13 տոկոսը գերազանցող տնտեսական աճով կփակենք

Շատ իրատեսական է, որ տարին 13 տոկոսը գերազանցող տնտեսական աճով կփակենք:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը․

«Փաստորեն նախատեսվածից 3 անգամ ավելի մեծ ցուցանիշ ունենք 2022 թվականին։ Ի հայտ են եկել պատճառներ, որոնք նպաստել են դրան։ Կարծում ենք, որ այդ նպաստող գործոնները կպահպանվեն նաև 2023 թվականին։ 9 ամիս շարունակ ՌԴ-ից տեղափոխված ռելոկանտները ապրում և աշխատում են Հայաստանում և մենք գիտենք, թե ինչ պետք է անենք, որ նրանք մնան։ Ռուս ռելոկանտների ներկայությունը դառնալու է մեր երկարաժամկետ տնտեսական պոտենցիալի մասը։ Նրանց այստեղ լինելը նաև կառավարությունից է կախված, նման միջավայր ենք ստեղծել, որ մարդիկ հենց Հայաստան են եկել։

2023-ի համար կանխատեսված 7 տոկոս տնտեսական աճը կառավարության հնգամյա ծրագրի շարունակությունն է, խոստացել ենք ,որ յուրաքանչյուր տարի 7 տոկոս ենք թիրախավորելու։ Այդ ցուցանիշը շատ հնարավոր ենք համարում։ 2023-ի բոլոր ծրագրերը, որոնք պետք է պետբյուջեով ֆինանսավորվեն, ուղիղ ազդեցություն են ունենալու տնտեսական ակտիվության և տնտեսական աճի ձևավորման վրա»,-նշել է նախարարը։

Տիգրան Խաչատրյանի խոսքով, 7 տոկոս տնտեսական աճ թիրախավորելիս կառավարությունը հաշվի է առել, որ արտաքին նպաստավոր գործոնները կարող են և չլինել։ Նրա գնահատմամմբ ԿԲ-ն բավականին լավ քաղաքականություն է վարում գնաճը զսպելու տեսանկյունից և իրատեսական է, որ գնաճը ներկայիս 8,7 տոկոսից մյուս տարեվերջին իջնի մինչև 4-4,5 տոկոս, եթե աշխարհում անկանխատեսելի զարգացումներ չլինեն։

Ֆինանսների նախարարը պատասխանել է նաև նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակի բարձրացման ու այս ֆոնին պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին հարցին․

«Չենք կարող պարտք վերցնել և թոշակ ու աշխատավարձ վճարել, մեր հնարավորությունների սահմանում պիտի մնանք։ Կգա 1 օր, երբ միջին կենսաթոշակը կհամապատասխանի միջին սպառողական զամբյուղին։ 2026 թվականին պետք է հասնենք այդ ցուցանիշին, հիմա այդ սցենարի մեջ ենք։ Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձին, ապա հանրագումարում այն չի բարձրացել, քանի որ պարգևավճարների ֆոնդը նվազեցրել ենք՝ 30 տոկոսից մինչև 16 տոկոս։ Դրա զգալի մասը կգնա միջին օղակի պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը»,- ասել է Խաչատրյանը։

Աղբյուրը՝   tert.am