«Էս կինոն սկսվել է օրենքի բացից»
Տաքսի ծառայությունների ոլորտը վերջին տարիներին տարբեր փոփոխությունների է ենթարկվել, պետությունը ժամանակ առ ժամանակ փորձում էր որոշակի կարգավորումներ մտցնել ոլորտում, որն առանձնապես ազդեցություն չունեցավ: Տաքսի ծառայություն մատուցող ոլորտը ինքնակարգավորվում է՝ ինչպես կարողանում է:
Ոլորտի խնդիրները սրվեցին այս տարի ամռանը, երբ օնլայն պատվերներ ընդունող «ՅԱՆԴԵՔՍ ՏԱՔՍԻ ԿԵՆՏՐՈՆ»-ը նվազագույնը 100 դրամով էր տեղափոխում ուղևորներին․ երջանկությունը կարճատև եղավ, դեմպինգի արդյունքում տաքսի ծառայությունները փլուզվեցին, իսկ դաշտը մնաց օնլայն տաքսիներին, որոնք էլ այսօր կրկնակի թանկ ծառայություններ են մատուցում ամենատարատեսակ պատճառաբանություններով։
Նշենք, որ այսօր հայկական շուկայում առցանց խոշոր տաքսի ծառայություններից են «ՋԻՋԻ Տաքսին» (GG) և «ՅԱՆԴԵՔՍ ՏԱՔՍԻ ԿԵՆՏՐՈՆ»-ը (Yandex) :
Խնդրի առնչությամբ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ տաքսի ծառայությունների սակագների հարցը միշտ էլ եղել է, սակայն այս տարի ամռանը սակագները կրկնակի, եռակի ավելացրել են։ Հիմնականում օնլայն տաքսի ծառայություններն են նախ և առաջ թանկացրել և օրվա տարբեր ժամերին տարբեր գներ են առաջարկում։
Նա նաև շեշտեց, որ տարիներ շարունակ տաքսի ծառայությունները մատչելի էին, սակայն այս ամռան սակագների բարձրացման շուրջ ոլորտի տնտեսվարողները, վարորդները տարբեր պատճառներ են մատնանշում, ոմանք ասում են, որ կապված է վառելիքի, ոմանք՝ ավտոմասերի և վերանորոգման թանկացման հետ, իսկ ոմանք էլ մատնանշում են, որ առաջին սպառման ապրանքները թանկացել են՝ ապրել է պետք:
Ըստ Կ․ Չիլինգարյանի, խնդիրը պարզ է. եթե հանրային տրանսպորտը կանոնավոր աշխատի, ապա մարդիկ ստիպված չեն լինի տաքսի ծառայությունենրից օգտվել և որոշակի կարգավորում կլինի ոլորտում:
«Թեև քաղաքապետարանն այդ հարցով զբաղվում է, սակայն դանդաղ են աշխատում: Ոլորտը վերահսկող որևէ մարմին չկա, ազատ շուկա է: Եթե տրանսպորտը նորմալ աշխատեր, ապա տաքսիները չէին կարող մրցակցել տրանսպորտի հետ, սակայն այժմ իրենք են թելադրողը»,- ասաց նա և կրկնեց, որ լուծում կա՝ մինչև նորմալ տրանսպորտը չգործի՝ տաքսիների սակագների հարցը չի կարգավորվի:
Թեև Կարեն Չիլինգարյանը նշեց, որ որևէ կառույց ոլորտը չի վերահսկում կամ կարգավորում, սակայն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը շեշտեց, որ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործ ունեն անելու. հատկապես վերջինս պետք է կարգավորեր ոլորտը, թույլ չտար, որ քանդվեր տաքսի ծառայությունների ենթակառուցվածքը:
Ըստ նրա, այս իրավիճակը ոլորտում քաղաքականություն չունենալու և անտերության արդյունք է, քանի որ «ՅԱՆԴԵՔՍ»-ը ցածր գներով սկսեց սպասարկել, անուղղակի դեմպինգ էր և շուկան կենտրոնացավ և այս իրավիճակում պետք էր պետական միջամտություն, քանի որ բիզնեսի բարի կամքի վրա հույս չեն դնում:
«Տրանսպորտային համակարգը այլընտրանք չի առաջարկում, ուզեն թե չուզեն տաքսի ծառայությունից են օգտվում և տաքսին այլընտրանք է. Այս պարագայում պահանջարկն աճում է: Խնդրի լուծումն այն է, որ պետք է ոլորտում քաղաքականություն վարել, հանրային տրանսպորտի հարցը կարգավորել և պաշտպանել քաղաքացու շահերը»,-ասաց Բ․ Պիպոյանը:
Օնլայն տաքսի ծառայություն մատուցող ընկերություններցի մեկի վարորդը՝ Արթուրը, նշեց, որ տաքսիների վճարների թանկացումը տարբեր պատճառներ ունի, որոնցից մեկը արտագաղթն է, վարորդների մի մասը չի աշխատում, տաքսիները քչացել են, պահանջարկն՝ ավելացել:
Ըստ նրա, օգոստոս ամսին վարորդներն իրենք պահանջեցին, որ թանկանա, քանի որ վառելիքն էր թանկացել և հեղուկ գազով քշելու պարագայում եկամուտ չէր մնում։
«Անգամ 800 դրամով նվազագույնը քշելու դեպքում ձեռնատու չէր․ գազը 180 դրամից դարձել է 280 դրամ: Հեղուկ գազի 220 դրամի պայմաններում էլ վարորդին ձեռնատու չէ քշելը։ Բայց ասեմ, որ էս կինոն Ջիջիից չի սկսվել, այլ «ՅԱՆԴԵՔՍ»-ից., հետո միացավ Յու տաքսին ու Ջիջին ընկավ ալիքի մեջ»,-ասաց նա և հավելեց, որ հեղուկ գազի թանկացմանը զուգահեռ շատ տաքսիստներ վառելիքի համար փոխեցին գազաբալոնները՝ օդգազի, որն էժան է։
Արթուրը նաև հաղորդեց, որ այս շրջանում տաքսիների պատվերի խտությունը նվազել է, շատերը դիմում են մասնավոր տաքսիստների:
Հայաստանի տաքսի ծառայությունների Ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը խնդրի առնչությամբ իր տեսակետն ունի, նա նշեց, որ ամռանը, երբ Յանդեքսը սկսեց 100 դրամով տեղափոխել ուղևորներին՝ ինքը կարծիք էր հայտնել, որ դեմպինգ են անում և նման ուղևորավարձի ամբողջ նպատակը տաքսի ծառայությունները փակելն է, որն այդպես էլ եղավ։
««ՅԱՆԴԵՔՍ»-ը նաև ի սկզբանե մտադրություն ուներ ոլորտը մոնոպալիզացիայի ենթարկել, քանի որ այս դաշտում օրական մեկ մլն դոլարի շրջանառություն կա»,- ասաց Վ․Սահակյանը և հավելեց, որ այսօր դաշտում չի գործում տաքսիների լիցենզավորման մասին օրենքը, քանի որ ինչ-որ մարդկանց ձեռք չի տալիս, որ օրենքը գործի։
Վ․ Սահակյանը նաև հավելեց, որ «ՅԱՆԴԵՔՍ»-ի նման գործունեության արդյունքում 1100 տաքսի ծառայություն է փակվել՝ 3-140 տաքսիներով հանդերձ։
Նա նաև նշեց, որ իր 15 տոկոս եկամուտի 20 տոկոսն է վճարում, իսկ տաքսիները 20 անգամ ավելի շատ գումար, չհաշված, որ ամեն մի մեքենայի համար 40-50 հազար դրամ հարկ է վճարվում։
Խնդրի լուծումը Վահագն Սահակյանն ունի, ըստ նրա, պետք է պարզապես օրենքը գործի, տաքսին լիցենզիա ստանա, հակառակ դեպքում, բոլոր տաքսիները կմտնեն մի ծառայության տակ և դաշտը ամբողջովին կմոնոպոլանա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցեցին, որ տաքսիների սակագները որևէ իրավական ակտով չի կարգավորվում, մասնավոր բիզնես է, իրենք են որոշում սակագները:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից էլ փոխանցեցին, որ կառույցը վերահսկողություն է իրականացնում միայն այն դեպքում, երբ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ կան և առկա է հակամրցակցային համաձայնություն:
Նաև հավելեցին, որ տաքսի ծառայությունների շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Ոլորտում գործունեություն են ծավալում մեծաքանակ տնտեսվարողներ, որոնք չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ տաքսի ծառայությունների գների վրա:
«Այնուամենայնիվ, հանձնանժողովն ուշադրության կենտրոնում է պահում ընթացող գործընթացները և տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով կիրականացնի անհրաժեշտ գործողություններ»,- փոխանցեցին ՄՊՀ-ից:
Իսկ որ «ՅԱՆԴԵՔՍ ՏԱՔՍԻ ԿԵՆՏՐՈՆ» օնլայն տաքսի ծառայությունը դեմպինգ արեց, շուկան կենտրոնացավ՝ ի տարբերություն ՄՊՀ-ի, քաղաքացիները զգում են իրենց գրպանի վրա։