Համայնքը շենքերի տանիքներին կառուցված ինքնակամ շինությունները քանդելու հնարավորություն կստանա
Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր աշխատանքների և միջոցառումների շարքում նախատեսել նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և դրանց հետևանքների վերացման (քանդման) ապահովումը, ընդհանուր օգտագործման տարածքների ապօրինի զավթման կանխարգելումը, դրանց հետևանքների վերացման ապահովումը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է ոլորտում ստեղծված իրավիճակը. «Համայնքի ղեկավարը իրավունք ունի ինքնակամ կառուցված շենքեր շինությունների քանդման որոշումներ կայացնել համայնքային հողերի կամ որոշ դեպքերում պետական սեփականության հողերի վրա: Մենք օրենքով կարգավորեցինք՝ ինքնակամ շինության քանդման որոշումները հստակ են: Բայց, ցավոք, եղել են և շարունակում են լինել դեպքեր, մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերում, որտեղ սեփականատերը բնակիչն է, ոչ թե համայնքը, նկուղային հատվածներում, մանսարդային, տաիքների և այլ հատվածներում իրականացվել կամ իրականացվում են ապօրինի շինարարություններ: Մենք այս որոշմամբ փորձում ենք այդ հարցին կարգավորումներ տալ»:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել ոլորտում առկա խնդիրների որոշմամբ նախատեսվող լուծումների վերաբերյալ. «Հայտնի փաստ է, որ առհասարակ համայնքներում և, մասնավորապես, Երևան քաղաքում առկա են բազմաթիվ ինքնակամ շինություններ: Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում ավելի ակտիվ է իրականացնում բազմաթիվ քանդման և մաքրման աշխատանքներ:
Նման աշխատանքներ նկատած լինեք հանրային տարածքներում, մայթերին, Օղակաձև այգում, Մերգելյանի այգում։ Այս աշխատանքներն իրականացվում են համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակում։ Գաղտնիք չէ, սակայն, որ մինչ օրս ունենք օրինակներ, երբ քաղաքացիներն ինքնակամ շինություններ են կառուցում բազմաբնակարան շենքերի տանիքներին, մանսարդային հատվածներում։ Այսինքն՝ մենք կարող ենք տեսնել շենքեր, որոնց տանիքին ևս փոքր շենք կամ տուն է կառուցված։ Եվ այդտեղ քաղաքապետարանի, համայնքի ղեկավարների լիազորություններն ու անելիքը բավական սահմանափակ են եղել։ Այդ կառույցները հաճախ իրականացվում են առանց քաղաքաշինական և սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանման և իրականում անմիջական վտանգ են պարունակում հենց այդ կառույցն իրականացնողի և առհասարակ շենքի բոլոր բնակիչների համար:
Այս ամենը հաշվի առնելով՝ նախաձեռնությամբ ենք հանդես եկել և առաջարկում ենք նոր կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը և համայնքը հնարավորություն կստանա իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։ Կարծում եմ՝ սա բավականին տրամաբանական է, մանավանդ, որ քաղաքապետարանն ինքն է գնահատում ու որոշում շենքերի հարկայնությունը, խտությունը»:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ տեղեկատվություն է ներկայացրել ինքնակամ կառուցների թվի վերաբերյալ. այս պահի դրությամբ ՀՀ-ում արդեն հաշվառված է շուրջ 24 հազար ինքնակամ կառույց: Օրական շուրջ 200 ինքնակամ կառույց է համակարգում հաշվառվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի ինքնակամ կառույցները հաշվառելու վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 31-ն է:
«Օգտագործելով այս հարթակը՝ ևս մեկ անգամ հիշեցնենք մեր քաղաքացիներին. ովքեր ունեն ինքնակամ կառույցներ Երևան քաղաքում, մինչև դեկտեմբերի 31-ը հաշվառելու պարագայում միգուցե իրենք ունենան այդ կառույցներն օրինականացնելու հնարավորություն: Այս ժամկետը բաց թողնելուց հետո այլևս չկա հնարավորություն որևէ ինքնակամ կառույց Երևան քաղաքում հաշվառելու և օրինականացնելու: 200 կառույցի շուրջ 80 տոկոսն այսօր հաշվառվում են հենց Երևանում»,-ասել է Սուրեն Թովմասյանը:
Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտում անհրաժեշտ է կարգ ու կանոն հաստատել և այդ համատեքստում կարևորել է ընդունված որոշումը: