Մեզ մոտ մոտիվացիա չկա․ գինեգործության և խաղողագործության հիմնախնդիրները
Հանրապետությունում գինեգործության և, հատկապես, խաղողագործության հիմնախնդիրներին է նվիրված ejc.am-ի թղթակցի զրույցը Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զառա Մուրադյանի հետ։
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի խաղողագործության այսօրվա վիճակը՝ ելնելով հանրապետությունում ֆիլոքսերայի տարածվածությունից։
-Խաղողագործության և գինեգործության ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները խաղողագործության դաշտում են։ Գինեգործության հարթությունում առաջացող բոլոր հիմնահարցերը լուծելի են․ որակի հարցեր, ներդրումներ, փոփոխություններ, տեխնոլոգիաներ և այլն։ Այստեղ ամեն ինչը դեպի բնականոն զարգացում է տանում, բայց խաղողագործության ոլորտում հանգույցները շատ են ու խորը։ Վերջին փուլում այստեղ ռազմավարական կարևորության ծրագրեր ենք իրականացրել։ Ամբողջությամբ քարտեզագրել ենք հանրապետությունում եղած խաղողի այգիները։ Հիմա հստակ գիտենք թե ինչքա՞ն, ի՞նչ մակերեսով խաղողի այգի ունենք, սրանք ո՞ր տարածաշրջաններում են տեղայնացված, քանի հա՝ ո՞ր խաղողագործական շրջանում, ո՞ր սորտերն են գերակշռում և այլն։
-Խաղողի այգիների ընդհանուր մակերեսը, թերևս, ամենահետաքրքրող հարցերից է։ Մինչև 2015-2016թթ․ պաշտոնական վիճակագրության համաձայն հանրապետությունում խաղող մշակվում էր ավելի քան 17 հազար հա-ի վրա։ 2014թ․-ի գյուղատնտեսության համատարած հաշվառման արդյունքում պարզվեց, որ հանրապետությունում խաղող է մշակվում հազիվ 14 հազար հա-ի վրա, որը հրապարակվեց միայն 2017թ․- վերջերին։ Դուք ուսումնասիրությունները կատարել եք ժամանակակից գերճշգրիտ սարքավորումների և տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ինչպիսի՞ն են ի վերջո, իրական թվերը։
-Իրոք, կիրառել ենք անօդաչու թռչող սարքեր, որոնց պարագայում սխալմունքի հավանականությունը ավելի մոտ է զրոյի։ Մեր ուսումնասիրությունների արդյունքներով հանրապետությունում բերքատու հասակի խաղող է մշակվում շուրջ 12 հազար հա-ի վրա։ Ավելի կոնկրետ՝ 11830 հա։ Հանրապետության ամենամեծ խաղողագործական գոտին Արմավիրի մարզն է, որտեղ խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմում է 5395հա։ Հաջորդում են Արարատի մարզը՝ 3950 հա, Տավուշը՝ 962 հա, Վայոց Ձորը՝ 950 հա և Արագածոտնի մարզը, հասկանալիորեն Աշտարակի տարածաշրջանը, որտեղ խաղողի բերքատու այգիների ընդհանուր մակերեսը կազմում է 570 հա։
-Ձեր նշած տվյալներն արդեն պաշտոնական համարել կարելի՞ է։
- Քանի դեռ պաշտոնական խողովակներով չեն հրապարակել, պաշտոնական համարել չենք կարող։ Հստակեցրել ենք, ըստ մարզերի ներկայացրել։ Կրկնում եմ, խոսքը բերքատու այգիների մասին է։ Մեր մեծագույն խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ այս 11830 հա-ն պատկանում է շուրջ 80 հազար գյուղացիական տնտեսության։ Այս թվերի պարզ համադրումից հասկանալի է դառնում, որ այգիների միջին մեծությունը մեկ հա-ից պակաս է ։ Դա այս ոլորտի, և ընդհանրապես, մեր տնտեսության հիմնական խնդիրներից մեկն է։ Բայց, շատ կարևոր է, որ մենք արդեն հստակ տիրապետում ենք, թե որ տարածաշրջանում ի՞նչ սորտեր են մշակվում, այգիներն ի՞նչ վիճակում են և այլն։
-Իսկ հստակեցրե՞լ եք, ունե՞ք պատկերը թե եղած այգիների, ո՞ր մասն է սեղանի սորտերի այգի։
-Այդ առումով տվյալները վերջնականապես դեռ չենք ամփոփել, բայց իմ, նախնական դիտարկումներով սեղանի սորտերը կազմում են ընդհանուրի շուրջ 5%-ը։
-Փոքր թիվ չե՞ք ասում։
-Չէ։ Նախկինում խաղողի այգիների ընդհանուր տարածքը 17․2 հազար հա էր ցույց տրվում։ Հիմա դժվարանում եմ ասել, թվերն էին կեղծված թե այս տարիներին այգիները շատ են քանդվել։ Բայց, թերևս այդ մեծ թվի արդյունքում է, որ սեղանի սորտերի մակերեսները մեծ են ներկայացվել։
-Նախկինում, որտեղ երկու հատ կանգուն հենասյուն էին տեսնում, գույքագրում էին որպես խաղողի այգի։
-Գուցե, չեմ ժխտում։ Մեր նկարահանած քարտեզների վրա երևում են «այգիներ», որոնց հենասյուները կան, վազերը չկան։ Կան այգիներ, որոնց մեջտեղը կամ մեկ այլ հատվածը գրեթե չորացած է, մյուսները՝ համեմատաբար բարվոք վիճակում են։
-Իսկ ձեր կողմից կատարված ուսումնասիրություններից, մասնավորապես նկարահանումներից հնարավո՞ր է հասկանալ՝ տվյալ այգին ֆիլոքսերայով վարակված է, թե՝ ոչ։
-Ֆիլոքսերայով վարակվածությունը դժվար է հասկանալ, բայց մեր նկարահանումներից միանշանակ կարող են եզրակացնել, դա տկար, հիվանդ այգի է թե՝ ոչ։ Եթե թույլ այգի է, նոսր է, հատկապես, եթե մշակված, խնամված, ապա հասկանալի է, որ խնդիր կա այդ այգում և նկարներում եղած կոորդինատներով կարող ենք պարզել այգու տեղը և տեղում ուսումնասիրելով հասկանալ այգու վիճակը։ Այդ տարբերակով անգամ հեշտությամբ կարող ենք հստակեցնել թե ֆիլոքսերայի առումով հատկապես, որ սորտերն են խնդրահարույց։
-Փաստորեն ունենք նաև այգիների սորտային կազմը։
-Այո, հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այցերի արդյունքում հավաքագրել ենք տվյալները և հիմա բազայավորում ենք, որպեսզի հաջորդ քայլում նույնականացնենք ու հասկանանք, թե ո՞ր սորտից քանի՞ հա է մշակվում հանրապետությունում։ Այս ծրագրի հեռանկարային նպատակն է ստեղծել էլեկտրոնային տեղեկատվական բազա, որտեղ մթերողները կունենան ազատ մուտքի հնարավորություն։ Որպեսզի հետո արձանագրեն, թե բերքը որտեղի՞ց են գնել, ի՞նչ սորտեր են և կարողանանք նույնականացնել, թե արդյո՞ք այդ ֆերմերը իր ստացած բերքը հանձնում է տվյալ գործարանին, թ՞ «նույն ֆերմերի բերքը մի քանի գործարան են մթերում»։ Սա նաև շատ լավ գործիք է հետագայում հետագծելիությունն ապահովելու համար։ Սա կօգնի հետագայում կեղծարարության դեմ պայքարելու։ Այսօր հարվածի տակ է հայկական կոնյակի իմիջը, ինչը մեզ համար չափազանց կարևոր է։ Դրա համար պետք է կարողանանք նաև այս մասով հստակ վերահսկողություն իրականացնել, որպեսզի գոնե այսուհետ որակյալ կոնյակ արտադրենք։ Գինու ոլորտում նմանատիպ խնդիրներ չկան, այստեղ ավելի շատ սորտային կազմի մասով կարող են կեղծարարություններ լինել, ասենք, պետք է հասկանանք, երկրում արտադրված ու շշալցված Արենի սորտի խաղողի ու գինու քանակները տրամաբանորեն համապատասխանո՞ւմ են, թե՝ ոչ։ Արենին դարձել է ամենապահանջված գինին ու մեզ համար դրսում նաև այցեքարտ է։ Հետևաբար, Արենի գինու որակի մասով պետք է հստակ ծրագրեր իրականացնենք։ Դա հնարավոր է անել աշխարհագրական տեղանվան համակարգի ներդրմամբ, որակի վերահսկմամբ և այլն։
-Ֆիլոքսերայի դեմ պայքարի առումով այս փուլում ի՞նչ է արվում։ Ժամանակին, մինչև 2013-14թթ․ գործում էր կառավարական հանձնաժողով, որը գոնե տիրապետում էր, թե ո՞ր տարածաշրջաններն են արդեն վարակված ֆիլոքսերայով։ Հիմա այդ չարիքով, ընդհանրապես, հետաքրքրվող կա՞։
-Ֆիլոքսերայի գծով պատասխանատուն սննդի անվտանգության տեսչության ֆիտոսանիտարիայի բաժինն է։ Որքանով ես տեղյակ եմ, եթե ֆերմերներն ահազանգում են, որ խնդիր կա, համապատասխան բաժինն արձագանքում է։ Ես այցելել եմ այգիներ, անմիջապես դրա մասնագետը չլինելով հանդերձ ականատես եմ եղել, որ դրանք չորանում են։ Ֆերմերները դժգոհում էին, որ նախորդ տարում այգին ավելի թույլ վիճակում էր, դեղնած, այս տարի արդեն աչքերը չեն բացվել, այսինքն՝ գրեթե առողջ այգին չորանում է։ Այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան բաժնի մասնագետներին, իրենք այցելել են, որից հետո պարզվել է, որ դա ցրտահարության հետևանք է։ Ֆիլոքսերայի և ընդհանրապես հիվանդությունների, վնասատուների հետ կապված վերահսկողությունն իրականացվում է ահազանգերի հիման վրա։ Ֆիլոքսերայի հետ կապված մենք պետք է վերջնականապես հասկանանք, ֆիլոքսերա կա՞ Հայաստանում, թե՝ ոչ։ Եթե կա, ապա ինչո՞ւ չի տարածվում այդքան արագ։ Որովհետև, եթե ֆիլոքսերան իրեն բնորոշ արագությամբ տարածվեր, ապա հիմա առողջ այգի չպետք է լիներ։ Փորձենք հասկանալ պատճառները։
-Բայց եթե ուսումնասիրություն չկա, եթե սրա հետ կապված վիճակագրություն չկա, ինչո՞վ եք վստահ, որ արագ չի տարածվում։
-Եթե հետևում ենք միջազգային փորձագետների կարծիքներին, ապա կա, բայց չի տարածվում, որովհետև ամբողջ ցիկլը չի փակում ֆիլոքսերան։ Արմատից չի հասցնում բարձրանալ տերևները։ Ի նկատի ունեմ, որ տերևային ֆիլոքսերան չի զարգանում, դրանից ելնելով էլ կասկած կա, որ ֆիլոքսերան մեզանում չկա կամ իրեն բնորոշ ագրեսիվությամբ արտահայտված չի։
-Մասիսի տարածաշրջանում տարածված է, Արտաշատի տարածաշրջանում՝ նույնպես, Արարատում՝ ևս, Արմավիրում շատ վաղուց կա, առաջին դեպքերը հայտնաբերվել են Էջմիածնում։ Տավուշում էլ անցած դարասկզբից կա։ Էլ ոնց տարածվի։
-Մի քանի դեպք է եղել, որ ֆիտոսանիտարիայի մասնագետներն այգիները քանդել են։ Մենք չենք պնդում, որ ֆիլոքսերա չկա։ Բայց, եթե այլ երկրներում 4-5 տարվա մեջ առողջ այգի չի մնացել, ապա այստեղ արդեն 14-15 տարի է ու համենայնդեպս, ահռելի ծավալներով արտահայտված չէ։ Ու հիմա մեզ համար ամենակարևորն հասկանալն է, թե ինչի՞ հետևանքով չի տարածվում։ Դա կլիման է, հողն է, որ գործոններն են, որոնք չեն նպաստում սրա զարգացմանը։ Ըստ իս, շատ ավելի կարևոր հասկանալ, թե ի՞նչն է պատճառը, որ նման դանդաղ տեմպերով է տարածվում, քան մոնիտորինգ անել ու պատկերն ունենալ թե՞ որտեղ կա, կամ որտեղ չկա։ Նշեցի, որ մոնիթորինգի պատասխանատուն սննդամթերքի անվտանգության վարչությունն է և, երբ մենք բարձրացնում ենք խնդիրը, հետևում է պատասխան․ «դա ձեր պատասխանատվության դաշտում չի, ունենք համապատասխան կառույց, որը պատասխանատու է դրա համար»։ Մենք կարող ենք խնդրի բարձրաձայնողը լինել, քանի որ ֆերմերների հետ ավելի ակտիվ աշխատանքներ ենք տանում, կարող ենք միանգամից իրենց խնդիրները ներկայացնել համապատասխան կառույցներին։ Բայց ես այն կարծիքին եմ, որ ավելի ճիշտ է ուսումնասիրել, հասկանալ , ռիսկերը գնահատել։ Եթե դա կլիմայի հետ է կապված, ցրտաշունչ ձմեռն է պատճառը, որ ցիկլերը չի փակում, ապա կլիմայի փոփոխության հետ կապված վերջին տարիներին մենք ավելի տաք ձմեռներ ենք ունենում, այդ դեպքում պետք է, որ ավելի ագրեսիվ տարածում ունենար։ Եվ մի քանի տարվա մեջ մենք ամբողջությամբ կկորցնեինք ոլորտը։ Բայց այդպես չէ։ Շատերն էլ այն կարծիքին են, որ, քանի որ կաթիլային ոռոգումը համատարած չէ, ակոսային ոռոգում է իրականացվում, դա խոչընդոտում է ֆիլոքսերայի տարածմանը։ Սրան զուգահեռ մենք ֆիլոքսերադիմացկուն տնկանյութերի արտադրության ծրագիր ենք իրականացնում։ Ցանկություն ունենք նման տնտեսություն հիմնելու։ Մեր նպատակը ոչ թե տնկիներ վաճառելն է, այլ ընդամենը ուսումնասիրել և հասկանալ, թե ամերիկյան արմատակալների վրա պատվաստված մեր տեղական սորտերը ժամանակի ընթացքում իրենց ինչպե՞ս են դրսևորում և ի՞նչ պետք է անենք, որ սրանց գենը չկորցնենք։ Իհարկե, կան արմատակալներ, որոնք շատ լավ հարմարվում են, բայց ես կարծում եմ, որ մեր դեպքում դա առաջին անգամն է և մենք պետք է ուսումնասիրենք, հասկանանք և ֆիլոքսերայի արագ տարածման դեպքում պատրաստ լինենք մեր տեղածին սորտերով պատվաստված այգիներ հիմնելու, ունենալու։
-Եթե այսօր մեր գյուղացին ցանկություն ունենա ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալի վրա պատվաստված տեղական սորտով այգի հիմնելու, հնարավորություն ունի, նման կտրոններ վաճառքում կա՞ն։
-Մի ընկերություն նման պատվաստակալներ արտադրում է Արցախում և վաճառում Հայաստանում։ Որոշներն էլ մի քիչ անվստահ փորձեր են անում այդ ուղղությամբ։ Ըստ իս, պետք է պետության մասնակցությամբ հիմնվեն մեծ տնկարանային տարածքներ։ Ավելի ճիշտ կլինի, որ, ընդհանրապես, այդ գործն իրականացվի պետական մակարդակով, որպեսզի սորտի կամ սորտերի առումով կասկածներ, անորոշություններ չլինեն, որ հստակ լինի, որ տվյալ սորտն է և ճիշտ արմատակալի վրա պատվաստված է։ Այսինքն` ամեն ինչ արվի գիտական մակարդակով։ Այլապես, մասնավորը գտնում է, որ իր այգում մաքուր Ոսկեհատ է, խառնածին չի և այդ Ոսկեհատը պետք է արտադրի ու վաճառի, մենք բոլորովին էլ վստահ չենք, որ տվյալ այգին մաքրասորտ այգի է, որովհետև անգամ մեր կոլեկցիոն այգում տեղադրված սորտերը, որ հանրապետության այս ոլորտի ամենագիտակ մասնագետը, երջանկահիշատակ Մելյան Գագիկն է հավաքագրել, գենետիկական ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ դրա գրեթե կեսը չէր համապատասխանում իր տեսակին և դա շատ դժվար է զուտ վիզուալ տարբերակել։ Մեր գործընկեր Քրիստիա Մարգարյանը տևական ժամանակ է, որ Գերմանիայում վերջին տարիներին գենետիկական ստուգման միջոցով հստակեցնում է, թե ո՞ր սորտն ի՞նչ է, իսկակա՞նն է, թե՞ այլատեսակը և այլն։ Բազում տեսակներ ու սորտեր կան, որոնց մի մասը խաչասերված է, մի մասը մաքրասորտ է և տարբեր, այդ թվում և միջազգային սորտեր կային։ Քրիստինայի ուսումնասիրություններից հետո հիմա մենք հստակ գիտենք թե մեր կոլեկցիոն այգում սորտի ու տեսակի առումով իրականում ինչ ունենք։ Ինչ վերաբերում է լուրջ ու գիտականորեն վստահելի տնկարանին, ցավոք, այդ կարգի տնկարան դեռևս չունենք։
-Ժամանակին պրն Գագիկ Մելյանը գտնում էր, որ թառմային այգիներն ավելի դիմացկուն են ֆիլոսքերայի նկատմամբ և առնվազն 25-30 տարի դիմադրում են սրան։ Գուցե մեր նոր տնկվող այգիների մի մասը հիմնվի թառմային տարբերակով։ Հատկապես, որ Արմավիրի տարածաշրջանում դա բավականին տարածված է ու բերքի առումով էլ, կարծես թե, շատ ավելի լավ ցուցանիշներ է ապահովում։
-Ցավոք, մեր խաղողագործության ոլորտում նման հետազոտություններ գիտական մակարդակով չի արվել և չկա նման ինստիտուտ, լաբորատորիա կամ որևէ այլ բան, որ ի վիճակի լինի նման հետազոտություն իրականացնելու։ Մեզ մոտ ինչ-որ արվում է, արվում է մեր միջազգային գործընկերների հետ, հիմնականում նրանց տրամադրած դրամաշնորհների շնորհիվ։ Անգամ հիվանդությունների հետ կապված, եթե այգում ինչ-որ խնդիր կա, մենք այն դուրս ենք ուղարկում, որպեսզի կարողանանք հասկանալ խնդիրը և լուծումները։
-Իսկ կառավարությունը միջոցներ չի՞ տրամադրում ուսումնասիրությունների, գիտական պայքարի համար, փակ աչքերո՞վ ենք առաջ գնում։
-Այդ հարցերն ավելի շատ վերաբերում են գիտական կենտրոններին, համալսարաններին։ Որքանով ես ճիշտ գիտեմ դրա համար ռեսուրս չի տրամադրվում։
-Դուք ներկայացնում, ղեկավարում եք Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։ Ո՞րն է Ձեր մասով խաղողագործությունը, Դուք խաղողագործության հետ կապված ի՞նչ պետք է անեք։
-Գիտական կենտրոնների կարողությունների զարգացմանն, ուժեղացնելուն ուղղված կառավարությունը ինչ-որ գումար հատկացնում է, թե՝ չէ, ես տեղյակ չեմ, բայց մենք չունենք, գիտեմ, որ մյուսները, այդ թվում Ագրարային համալսարանը, ֆիլոքսերային վերաբերող մոնիտորինգ չի իրականացնում։ Անկեղծ ասած ես չգիտեմ կա՞ ինչ-որ հաստատություն, կենտրոն որը զբաղվում է ֆիլոքսերայով։
-Ամեն ինչ առավել, քան պարզ է։ Գանք գինեգործությանը։ Մերոնք հաճախակի ցուցահանդես-մրցույթներում մրցանակներ, մեդալներ են շահում։ Բայց, երբ գալիս է, որ պետք է որևէ գնորդ կազմակերպության հետ պայմանագիր կնքվի, պարզվում է, որ մի քանի տասնյակ հազար շշից, ավելի հզորների դեպքում մի քանի մլն շշից ավելին չունենք, մինչդեռ գնորդներին լուրջ քանակներն են հետաքրքրում։
- Մեզանում խաղողագործությունը երկու մասին է բաժանված։ Մշակվող խաղողի ավելի քան 80%-ը կոնյակի սորտեր են։ Գինեգործությունը թե մշակության մասով, թե որակի առումով, էապես տարբերվում է։ Այսօր աշխարհին չենք կարող զարմացնել դրսի սորտերից ստացված գինով կամ մեր ունեցած մեծ քանակներով։ Բայց եթե մենք շեշտադրումը դնենք մեր արտադրանքի որակի վրա, կարող ենք ասել մեր արտադրանքը քիչ է, բայց որակով է։ Գինեգործներն էլ այդ ստանդարտներին հասնելու համար սկսում են խաղողագործությունից։ Այսինքն, եթե մարդիկ այգիներ չունեն, հիմնում են իրենց սեփական այգիները, եթե ընկերություններ կան, որոնք ունեն վստահելի խաղողագործ գործընկերներ, իրար հետ աշխատում են տարին բոլոր, որպեսզի ստանան որակյալ խաղող, դրանից էլ նորմալ, որակյալ գինի։ Շատերը, որոնք չեն կարողանում արդյունավետ համագործակցելով խաղողագործների հետ այդ խնդիրը լուծել, հիմնում են իրենց սեփական այգիները։ Վաղ թե ուշ գրեթե բոլոր գինեգործական ընկերությունները իրենց սեփական այգիներն են ունենալու։
-Ինչի՞ հաշվին։ Հող, այգի որտեղի՞ց։
-Կամ այգիներն են գնելու ֆերմերներից, կամ հողերը, հատկապես չմշակվող։ Գնեն և այգիներ հիմնեն։
-Օրենքի նախագծին մի քիչ ծանոթ եմ, և կարծես տպավորություն է, որ փորձում են հողերը մարդկանց ձեռքից քաղաքավարի ձևով խլել։
-Մարդը հողը պահել է ու չի օգտագործում։ Մյուս կողմից էլ մենք ներդրողների ենք կորցնում, որոնք պատրաստ են այգիներ հիմնելու։ Հասկանում, համոզվում ես, որ, այնուամենայնիվ, հողի ռեֆորմը անհրաժեշտություն է։
-Կարող ենք միասին հաշվել ու կպարզվի, որ գյուղացին հողը չմշակելով, թողնելով որ խոտ աճի ավելի շատ եկամուտ կստանա, քան եթե խաղող մշակի։ Հռետորական հայտարարություն չեմ անում։ Կարելի է պարզ հաշվարկ անել ու համոզվել ասվածի ճշմարտացիության մեջ։ Ընդ որում` դա այն դեպքում, երբ այսօր ամենաեկամտաբեր ճյուղերից մեկը համարվում է խաղողագործությունը։
-Խաղողը մեծ եկամտաբերություն կարող է ապահովել։
-Եթե մարդը մեկ հա-ից 700-800 հազար դրամ շահույթ ունի, ապա 10-20 հա-ի դեպքում դա բավականին լուրջ թիվ է դառնում։ Բայց միջինում հայ խաղողագործը հազիվ կես հա այգի ունի։
-Քաղաքակիրթ աշխարհում խաղողը գնահատվում է ըստ որակի։ Միայն մեր նման երկրներում է, կարող է Վրաստանում էլ է այդպես, որ ֆիքսվում է ինչ-որ գումար ու պետությունը այդ ֆիքսված գումարի վրա պետք է սուբսիդիաներ տրամադրի։ Աշխարհում չկա նման բան։ Շատ երկրներում օրենք կա, որ արտադրողը պետք է ունենա իր սեփական խաղողի այգիները։ Այլապես թույլ չեն տա խաղողի գինու արտադրություն սկսել։ Գերմանիայում, օրինակ, գինու գործարանում խաղողի 4 հոսքագիծ է գործում ու խաղողը գնահատվում է ըստ որակի։ Վերջին հոսքագծով ընդունված խաղողի գինին վաճառվում էր 1 դոլարից էլ պակաս։ Որակին էլ համապատասխան վարձատրում են ֆերմերներին։ Հավելած, որ ասենք խաղողագործական կոոպերատիվներն ու գինու գործարանների մասնագետները ամբողջ տարվա ընթացքում համատեղ հսկում են խաղողի մշակության ընթացքը։ Դրան համապատասխան էլ ֆերմերը իր աճեցրած խաղողի դիմաց վարձատրվում է։ Մեր մոտ գնային և ընդհանրապես որևէ մոտիվացիա չկա։ Իսկ այսօր, եթե լավ խաղող չունեցանք, շուկայում մրցունակ չենք լինելու։
-Այդ դեպքում թող գինի արտադրողը վարձակալի գյուղացու հողը։ Ի՞նչի են ուզում, անպայման, այն գյուղացու ձեռքից առնել։ Հասկանալի է, որ գյուղացին էլ իրեն լավ չի դրսևորում, չպետք է այգին ջրել, որ որակյալ բերք լինի, ջրում է, որ քաշի գա և այդպես շարունակ։ Ու նույն կառավարությունը վերացրեց կիսատ-պռատ գործող խորհրդատվական համակարգը, քանի որ նախարար Քերոբյանը կողմնակից չէ դրան։ Մինչդեռ գյուղատնտես խորհրդատուն կբացատրեր, որ շատ ջրելը իրեն, խաղողագործին էլ օգուտ չէ։
-Մենք խաղողագործների հետ ծրագիր ենք արել։ Մեր նպատակն էր առաջին քայլով խաղողագործներին կրթել։ Օգնել իրենց, որ դառնան գասաստրոբաքեր։ Որ իրենք չնայեն մասնավորի ձեռքին, հասկանան, որ ունեն պրոդուկտ, որից կարող են ուրիշ արժեք ստանալ։ Երբ սկսեցինք 60 հոգու հետ աշխատել, վերջում դրանցից մնացածին 15-ը, որովհետև իրենք գտնում են, որ ամեն ինչ գիտեն ու հրաժարվեցին մասնակցելուց։ Մինչդեռ մենք ընդամենը առաջարկում էինք մի հատված, մի մարգ իրենք մշակեն իրենց ձևով, մեկն էլ՝ մեր մասնագետները։ Որպեսզի տեսնեն, զգան տարբերությունը։ Չցանկացան։ Դա անհաղթահարելի պրոցես չի, բայց երկարատև աշխատանք է պահանջվում դրա համար։ Պետք է մարդկանց հետ աշխատել։
-Դրա համար էլ ներդրում է պետք, փող պետք է ներդրվի նաև ուսուցման համար։ Առանց դրա ոչինչ չի լինում։ Մինչդեռ, ինչպես երևում է, վերջին 20-30 տարիներին մեր կառավարություններն այդպես էլ չհասկացան, չգնահատեցին ու որևէ կերպ չօժանդակեցին տնտեսության ամենաեկամտաբեր ոլորտի զարգացմանը։ Ինչևէ։ Շնորհակալ ենք բաց ու անկեղծ զրույցի համար։