Հայաստանի բնակիչների ավելի քան 75 տոկոսը դրական է վերաբերվում ռուսաստանցիների ներհոսքին
Հարցված հայաստանցիների ավելի քան 75 տոկոսը հայտարարել է, որ դրական է վերաբերվում ռուսաստանցիների ներհոսքին երկիր, հետևում Է Gallup International Association–ի հայաստանյան ներկայացուցչություն MPG ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներից:
«Վերջին իրադարձությունների հետ կապված՝ Ռուսաստանից Հայաստան են ժամանում մեծ թվով մարդիկ՝ ժամանակավոր ապրելու և աշխատելու համար։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին» հարցին 40,1%-ը պատասխանել է՝ «լիովին դրական», իսկ ևս 35,5%-ն՝ «ավելի շուտ դրական», «ավելի շուտ բացասական» է վերաբերվում 10,5%-ը, «Ընդհանրապես բացասական»՝ 11,7%-ը, ևս 2,1%-ը դժվարացել է պատասխանել։
Բացի այդ, հարցվածների 79,9%-ը կարծում է, որ այսպես թե այնպես մարդկանց ու բիզնեսի տեղափոխությունը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, 16,1%-ը կարծում է, որ դրական ազդեցություն ավելի շուտ կամ միանշանակ չի լինի: Դժվարացել է պատասխանել 4 %-ը։
Դրանից բացի, 68,2%- ն այսպես թե այնպես սպասում է համաշխարհային կարգի գլոբալ փոփոխությունների Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում:
Հեռախոսային հարցումն անցկացվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-10-ը։ Դրան մասնակցել է Հայաստանի 1100 բնակիչ։ Վիճակագրական սխալանքը կազմել է 3%:
Աղբյուրը՝ armenpress.am