Երևանում ինքնակամ կառույցի հաշվառման ժամկետը կերկարաձգվի՞

 

Երևանում կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով դրանց հաշվառման գործընթացը մեկ օրից ավարտվում է։  2023 թվականի հունվարի 1-ից, եթե ինքնակամ կառույցը Երևանում է և հաշվառված չէ, այն այլևս հնարավոր չի լինի օրինականացնել:

Այսպիսով, 2022 թվականի հունվարի 6-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն, ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական և ենթակա են քանդման (ապամոնտաժման)։

Նոր կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվելու է։

Նշենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ կառույցների պետք է հաշվառեին մինչև 2022 թվականի մարտի 15-ը։

Ինչ վերաբերում է 2021 թվականի հունվարի 1-ից առաջ կառուցված շինություններին, ապա հաշվառման համար սահմանվել են տարբեր ժամկետներ՝ կախված դրանց գտնվելու վայրից: Մասնավորապես, Երևան քաղաքում կառուցված ինքնակամ շինությունների հաշվառումը կարող է կատարվել մինչև 2023թ-ի հունվարի 1-ը, ՀՀ այլ քաղաքային համայնքներում`մինչև 2024թ- հունվարի 1-ը, իսկ գյուղերում` 2025 թվականի հունվարի 1-ը։

Կառույցն օրինականացնելու համար հաշվառումը պարտադիր է: Հաշվառումն ավարտվելուց հետո, կառույցի սեփականատերը կարող է սկսել դրա օրինականացման գործընթացը:

Հաշվառման նպատակով շահառուն պետք է դիմի Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։ Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով։

Օրենքի համաձայն , այն բոլոր ինքնակամ շինությունները, որոնք կառուցվել են մինչ օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելը, կարող են օրինականացվել, այդպիսի հնարավորություն տրվելու է, սակայն դա չի ենթադրում, որ դրանք պարտադիր ենթակա են օրինականացման:

ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ ոմանք կարծում են, թե ժամկետները վերաբերում են նաև օրինականացմանը, բայց խոսքը միայն հաշվառման մասին է: Պետք է Երևանում կառուցված ինքնակամը հաշվառել մինչև տարեվերջ, իսկ օրինականացման համար դիմելու հարցում ազատ են, կարող են դիմել, երբ ցանկանան:

Գործընթացի վերաբերյալ տարբեր հայտարարություններ հնչեցին մամուլում, ըստ որոնց՝ ինքնակամ կառույցներ ունեցող մեր հայրենակիցները «հայկական բնավորության համաձայն գործը թողել են վերջին պահին»։   Ասել է, թե մեծ մասը հաշվառման համար դիմել է դեկտեմբերին  և արդյունքում չափագրողների մոտ սկսել են հերթեր կուտակվել,  հետևաբար որոշ դեպքերում ինքնակամ կառույցների տերերին ուղղակի չի հաջողվել չափագրել կառուցը։ Սակայն մեր աղբյուրների համաձայն, այստեղ միայն քաղաքացիների սովորույթի խնդիրը չէր։  Չափագրող որոշ ընկերություններ տարվա ընթացքում ծանրաբեռնվածության կեղծ պատճառաբանությամբ հրաժարվել են գործեր ընդունել և  տարեվերջին ծառայության վճարը 50․000 դրամից հասցրել են 300 000-ի։  Իսկ ուշացրած քաղաքացիների մի մասն էլ  սպասում է՝ կառավարությունը ժամկետը կերկարացնի՞ թե՞ ոչ։