Ֆրանսիական էներգետիկ ընկերությունները համաձայնել են նվազեցնել գները փոքր բիզնեսի համար

Ֆրանսիական էներգետիկ ընկերությունները համաձայնել են նվազեցնել գները փոքր բիզնեսի համար՝ տեղի տալով «չափազանց» պայմանագրերը փոխելու նախագահ Էմանուել Մակրոնի պահանջներին, հայտնում է Bloomberg-ը։

Երեք ժամ տեւած հանդիպումից հետո ֆինանսների նախարար Բրունո Լը Մերն ասել է, որ էներգետիկ ընկերությունները 2023 թվականին էլեկտրաէներգիայի միջին սակագին՝ 280 եվրո մեկ մեգավատտ/ժամի համար, կառաջարկեն մոտ 600 000 ամենափոքր ընկերություններին, որոնք դեռեւս կարգավորվող գներից չեն օգտվում:

Այս խոստումը տրվել է մեկ օր այն բանից, երբ Մակրոնը մատակարարներին հորդորել է օգնել փոքր բիզնեսին հաղթահարել աճող վճարները, քանի որ հացթուխները ամբողջ երկրում առաջնորդել են բողոքի խմբերը:

Էլեկտրաէներգիայի բարձր վճարները ճնշում են սպառողներին եւ ձեռնարկություններին ամբողջ Եվրոպայում՝ ստիպելով կառավարություններին տասնյակ միլիարդավոր եվրոներ ծախսել հարկերի կրճատման եւ սուբսիդիաների համար, որպեսզի աջակցեն իրենց տնտեսություններին: Մի քանի երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, էլեկտրաէներգիայի վաճառքի չնախատեսված հարկեր են ներմուծել այս միջոցառումների մի մասը ֆինանսավորելու համար:

Էներգետիկ ընկերությունները եւ պետությունը կշարունակեն բանակցությունները, թե ինչպես բաժանել նոր միջոցառումների արժեքը ֆրանսիական ամենափոքր ընկերությունների համար, հավելել է Լը Մերը:

Աղբյուրը՝   news.am