PayPal-ը և NetApp-ը ընդհանուր մոտ 3000 աշխատակցի կկրճատեն

Առցանց վճարային ծառայություններ մատուցող PayPal ընկերությունը և տվյալների պահպանության և կառավարման լուծումների մշակմամբ զբաղվող NetApp ընկերությունը ընդհանուր շուրջ 3000 աշխատակցի կազատեն աշխատանքից։
Կրճատումներ PayPal-ում
PayPal-ը նախատեսում է կրճատել շուրջ 2000 աշխատակցի, կամ իր աշխատողների 7%-ը։ Ինչպես տեղեկացնում է BBC-ին, PayPal-ը բացատրել է, որ ստիպված է եղել նման որոշում կայացնել, քանի որ բախվել է «մակրոտնտեսական դժվար միջավայրի» խնդիրներին:
«Մենք պետք է շարունակենք փոխվել, քանի որ մեր աշխարհը, մեր հաճախորդները և մեր մրցակցային լանդշաֆտը զարգանում են»,- հայտարարել է PayPal-ի գործադիր տնօրեն Դեն Շուլմանը։
Ըստ Bloomberg-ի՝ Դեն Շուլմանն ասել է, որ կրճատումները կսկսվեն առաջիկա շաբաթներին։ «Չնայած մենք զգալի առաջընթաց ենք գրանցել մեր ծախսերի կառուցվածքը ճշգրտելու հարցում և մեր ռեսուրսները կենտրոնացրել ենք մեր հիմնական ռազմավարական առաջնահերթությունների վրա, մենք ավելի շատ անելիքներ ունենք»,- ասել է Շուլմանը:
Գործակալությունը նշում է, որ կորոնավիրուսային համավարակից հետո այս հարթակում արվող գործարքների աճի տեմպի դանդաղումը բացասաբար է ազդել PayPal-ի բաժնետոմսերի գնի վրա․ դրանց գինը վերջին ամիսներին շարունակ նվազել է։ Ընկերությունը հայտարարել է, որ կկրճատի ծախսերը՝ ներառյալ աշխատատեղերի կրճատման և գրասենյակների փակման միջոցով։
Կրճատումներ NetApp-ում
NetApp ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է կրճատել իր աշխատուժի 8%-ը։ Անցյալ տարվա ապրիլի դրությամբ NetApp-ի տվյալներով՝ ընկերության գլոբալ աշխատակազմը կազմում էր 12,000 աշխատակից, այսինքն՝ հիմա կրճատվելու է մոտ 960 աշխատակից։
NetApp-ի գործադիր տնօրեն Ջորջ Կուրիանն ասել է, որ տնտեսական անորոշությունը «հանգեցնում է ՏՏ  ծախսերի հարցում ավելի մեծ պահպանողականության», ինչը նշանակում է, որ հաճախորդների ծախսերը նվազել են:
«Մենք ապահովագրված չենք այս մարտահրավերներից»,- նշել է նա՝ հավելելով, որ ընկերությունը նախատեսում է կենտրոնանալ իր բիզնեսի այն ոլորտների վրա, որտեղ կարող է հասնել ամենամեծ աճի։ Ընկերության գործադիր տնօրենը նաև ասել է, որ կրճատումները կսկսվեն այս եռամսյակում, իսկ գործընթացը պլանավորվում է ավարտել մինչև 2023 թ․ ֆինանսական տարվա վերջ: Կուրիանը մանրամասնել է, որ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ու Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանները շարունակում են տեղական խորհրդակցությունները կրճատումների վերաբերյալ։
Ուշագրավ է, որ աշխատատեղերի կրճատումները կատարվում են չնայած այն հանգամանքին, որ NetApp-ը լավ արդյունքներ է գրանցել երկրորդ ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին։
Ընկերությունը ստացել է ռեկորդային հասույթ՝ 1,66 մլրդ դոլար, ինչը 6%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ NetApp-ի շահույթը կազմել է 750 միլիոն դոլար, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ ֆինանսական տարվա նույն եռամսյակի 224 միլիոն դոլարի շահույթին։
Աղբյուրը՝   tech.news.am