Հանքարդյունաբերությունը 2022թ․-ին․մարտահրավերներ և սպասումներ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց հանքարդյունաբերության 2022թ-ը։ Անցած տարին աննախադեպ է եղել պետական բյուջեի եկամուտների մասով․ վճարված ավելի քան 2 տրիլիոն դրամ մուտքերի 10%-ն ապահովել է հենց այս ոլորտը։
Վարդան Ջհանյանը, հայտնեց նաև, որ 2023թ․-ին, սակայն, նման մուտքեր չեն կարող կանխատեսել և ներկայացրեց դրա պատճառները։ Այսպես օրինակ, հանվել է անցած տարի գործող արտահանման տուրքը, որը, միության ղեկավարի համոզմամբ, տնտեսապես հիմնավոր չէր։ Անցած տարի հարկերը վճարվել են 2021-ի շահութաբերության հաշվարկով:
«Այսպիսի աննախադեպ մուտքեր 2023 թվականին չենք կանխատեսում: Բայց արդեն հաջորդ տարիներին, երբ արտադրողականությունն ավելանա, սպասում ենք, որ այդպիսի հարկային մուտքեր կլինեն»,-ասաց Ջհանյանը:
Ներկայացնելով ոլորտի մարտահրավերները Վ․ Ջհանյանը հատկապես շեշտեց դրամի արժևորումը: «Այժմ դրամը 20-30 տոկոսով ավելին է, քան 2022թ-ի սկզբին։ Ոլորտի արտահանող կազմակերպությունները ծանր դրության մեջ են, քանի որ ծախսային մասը դրամային է, իսկ հասույթը՝ արտարժույթով։ Շատ կազմակերպություններ վնասով են աշխատում»,-ասաց նա։
Ցածր շահութաբերությունը հատկապես խնդրի առջև է կանգնեցրել փոքր և միջին ընկերություններին։ Միության կողմից առաջարկներ են ներկայացվել կառավարությանը, թե ինչ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ոլորտի կազմակերպություններն այդ խնդիրները չունենան։
Ինչ վերաբերում է արտահանման կրճատմանն, ապա նշեց, որ Թեղուտի հանքը, որը երկրորդ խոշոր արտահանողն է, 2022թ-ի փետրվար-մարտից չի գործում։ ԶՊՄԿ-ն 20%-ով ավելի արտադրանք է արտահանել, իհարկե լիցենզիայով թույլատրված ծավալների շրջանակում։ Ոլորտի մյուս արտադրողները արտահանման առումով խնդիրներ չեն ունեցել։
Կարևորելով ոլորտում ներդրումների ներգրավումը՝ Վ․ Ջհանյանը նշեց, որ ներդրումների համար կարևորը երկրի վարած քաղաքականությունն է։ Եթե քաղաքականությունը փոփոխվում է, և ներդրողները չգիտեն, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է անելու հաջորդ տարի, ապա լուրջ ներդրումներ չեն արվի ֆինանսական հաստատությունների կողմից։
Վ․ Ջհանյանն առանձնացրեց ԶՊՄԿ-ն որպես միջազգային մակարդակի հանքարդյունաբերական ընկերություն, երկրորդը՝ նշեց Ամուլսարի հանքը, որը չի գործում և վատ նախադեպ է ներդրողների համար։ Ամուլսարի մասով հավելեց, որ հանքը չշահագործելու արդյունքում՝ Հայաստանի բյուջեն միլիոնավոր դոլարների մուտքից է զրկվել։ Երկրորդ խոշոր հանքը Թեղուտն է, և այդ երկու կազմակերպությունները ոլորտի 50 տոկոսի չափով արտադրանք կարող էին տալ։
«Կառավարության կողմից կա պատրաստակամություն՝ հասկանալի կանոններ, թափանցիկ օրենսդրական դաշտ ձևավորելու հարցում, սակայն դա շատ դանդաղ է ընթանում»,- ասաց նա և հավելեց, որ Ամուլսարի շահագործումը երկրի տնտեսության համար խիստ կարևոր է։
Իսկ, ի վերջո, ինչպե՞ս համագոյակցեն բնապահպանությունը և հանքարդյունաբերությունը հարցին, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահը պատասխանեց՝ կան բնապահպաններ, ովքեր դրսում են գործունեություն ծավալում, կան նաև բնապահպաններ, մասնագետներ, ովքեր աշխատանքային գործընթացներում են․ իրականացնում են հետազոտություններ, օդի, ջրի հողի, պոչամբարների մշտադիտարկումներ։
Նա նաև շեշտեց, ակտիվ բնապահպանների և հանքարդյունաբերողների կողմից ոլորտի մոտեցման տարբերությունները․ ըստ բնապահպանների մոտեցման՝ երկրի զարգացման համար հանքեր պետք չեն, իսկ մյուս կողմը պնդում է, որ երկրի զարգացումն առանց հանքարդյունաբերության անհնար է։