Իրանում հայտնել են ընթացիկ տարում 241 մլրդ խմ գազի արդյունահանման մասին

«Փարս» նավթագազային ընկերության ղեկավարի տեղակալ Սալման Խազայը մարտի 15-ին  հայտարարել է  ընթացիկ տարում «Հարավային Պարս» հանքավայրում 241 միլիարդ խորանարդ մետր գազի արդյունահանման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Ելույթ ունենալով «Հարավային Փարս» հանքավայրի 14-րդ փուլի բացման արարողության ժամանակ՝ Խազայը նշել է, որ համաշխարհային հանածո վառելիքի պաշարների 70%-ը գտնվում է Պարսից ծոցում։

Ըստ աղբյուրի՝ Խազայը նշել է, որ այս համատեղ հանքավայրում օրական արտադրվում է 700 հազար բարել գազային կոնդենսատ։ «Դրանից 450,000 բարելն ուղարկվում է «Պարսից ծոցի աստղ» նավթավերամշակման գործարան՝ երկրին անհրաժեշտ բենզին արտադրելու համար», - ասել է նա:

«Հարավային Փարս» հանքավայրը աշխարհի ամենամեծ գազային հանքավայրն է, որը գտնվում է Կատարի և Իրանի սահմանին։ Այն էներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է, որը պարունակում է մոտ 51 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ և 7,9 միլիարդ խորանարդ մետր բնական գազի կոնդենսատ։ Գազի հանքավայրը զբաղեցնում է 9700 քառակուսի կիլոմետր տարածք, որից 3700 քառակուսի կիլոմետրը գտնվում է Իրանի տարածքային ջրերում։