Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը

«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մարտի 17-ին իր դռներն է բացել «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն (ՀԱԳՄ) ու LOGOS EXPO կենտրոնը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ ՀԱԳՄ-ից տեղեկացնում են, որ ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան ութ տասնյակ ընկերություններ Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից, Վրաստանից և Ղազախստանից։  

«Տասնամյակների ավանդույթ է, որ մենք գարունը սկսում ենք տարածաշրջանային ուղղվածություն ունեցող այս խոշոր միջազգային ցուցահանդեսով։ Այն խորհրդանշական է նրանով, որ գարնան գալով բիզնեսն ակտիվանում է հատկապես շինարարական ոլորտում»,-բացման իր խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ցուցահանդեսը մի հարթակ է, որտեղ գործարարները փորձում են ներկայացնել իրենց ձեռքբերումները, տեխնոլոգիաները, հավակնոտ քայլեր անում։ Այն համախմբված ներկայացնում է ոլորտի այսօրվա ակտիվ ընկերությունները, իրենց մասնակցությունն են բերում նաև նոր ընկերությունները՝ դրսևորվելու, կայանալու ակնկալիքով։ Այդպիսիք այս տարի մասնակիցների 25%-ն են, և դա, Արսեն Ղազարյանի խոսքով, պատահական չէ, քանի որ վերջին տարիներին այս ոլորտն աննախադեպ աճ է ապրում,  շուկայում առկա է մեծ պահանջարկ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով ընդհանուր տնտեսական ցուցանիշներին, նշեց, որ ՀՀ-ում 2022 թվականին 12,6% տնտեսական աճի պարագայում բարձր ցուցանիշներ են ապահովվել տեղեկատվական տեխնnլոգիաների, ֆինանսական, առևտրի և ծառայությունների ոլորտներում։ Էական աճ է արձանագրել նաև շինարարությունը, որի ընդհանուր ծավալը 2022-ին կազմել է 541 մլրդ դրամ՝ 12%-ով ավելի, քան նախորդ տարվա արդյունքը։ Թեև շահագործման է հանձնվել 322 հազ. մետր քառակուսի նոր բնակֆոնդ, այդ բարձր ցուցանիշը դեռևս հեռու է պահանջված մակարդակից։ ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաև կառավարության՝ ոլորտի խթանմանն ուղղված միջոցառումներին ու ծրագրերին, նշեց առկա մարտահրավերները։

Նշվում է, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի բնորոշմամբ՝ այս ցուցահանդեսը ոլորտով շահագրգռվածների համար դարձել է, կարծես, մի երկրորդ տուն և տարեցտարի ավելի ներկայացուցչական բնույթ է կրում։ Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում շինարարությունը էական աճի տեմպեր է արձանագրում, և ցուցահանդեսը լավ հարթակ է երկխոսելու, համագործակցության նոր ուղղություններ մշակելու համար։

«Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» ցուցահանդեսի շրջանակներում, որը կգործի մինչև մարտի 19-ը,  նախատեսված են նաև շնորհանդեսներ, սեմինարներ, հարց ու պատասխաններ, բանախոսություններ։

Աղբյուր՝ armenpress.am