Գերմանիայում գազի պակասորդի վտանգ կա

Գերմանական ձեռնարկությունները և տնային տնտեսությունները հաջորդ ձմռանը կարող են բախվել գազի պակասորդի. դրանից խուսափելու համար նրանք ստիպված կլինեն էլ ավելի կրճատել սպառումը, հայտարարել է Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերը Financial Times-ին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն:

«Գազի պակասորդի վտանգը դեռ կա: Դա մեծապես կախված է նրանից, թե մենք կշարունակե՞նք սահմանափակել գազի օգտագործումը և ապահովել դիվերսիֆիկացված մատակարարումներ Գերմանիա: Եվ այստեղ ևս ռիսկեր կան»,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ էներգետիկ ճգնաժամը դեռ չի ավարտվել:

Նման ռիսկերին կարգավորող մարմնի ղեկավարը վերագրել է Չինաստանի տնտեսության վերականգնումը, որը տեղի է ունենում «ավելի արագ, քան շատերը կանխատեսում էին»։ Նա նշել է, որ դա հանգեցրել է գազի պահանջարկի ավելացմանը եւ կարող է «հետեւանքներ ունենալ գնային առումով»։

Մյուլլերը հիշեցրել է, որ գալիք ձմեռը կլինի առաջինը, որին Գերմանիան կդիմանա «ռուսական գազատարի իսպառ բացակայության պայմաններում»։ Ընդ որում, կարգավորիչը չի ակնկալում հեղուկ բնական գազի համաշխարհային մատակարարումների զգալի աճ այս կամ հաջորդ տարի։

Նա նաև նշել է գերմանական ընկերությունների և տնային տնտեսությունների գործողությունները, որոնք հնարավորություն են տվել զգալիորեն նվազեցնել սպառումը, մասնավորապես արդյունաբերության ոլորտում 20 տոկոսով։ Միաժամանակ Մյուլլերը չի բացառել, որ ավելի շատ խնայելու անհրաժեշտություն կլինի։

«Կարծում եմ, որ մենք կարող ենք և պետք է ավելին անենք»,- հավելել է պաշտոնյան։