Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակն այս փուլում հայտարարատուների իրական եկամուտների մասին պատկեր ստանալն է

 Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի հնարավորությունների ու մարտահրավերների շուրջ  Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Երևանյան գրասենյակը և «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հրավիրել էին մասնագիտական քննարկում՝ համապատասխան պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչների և տնտեսագետների մասնակցությամբ։

Հայտարարագրման համակարգը ներդրվել է երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին: 2023 թվականի եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն պաշտոնյաներն ու խոշոր գործարարները, 2024-ի համար վարձու աշխատողները, իսկ 2025 թվականից Հայաստանի չափահաս բոլոր քաղաքացիները պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը։ Անչափահասները հայտարարագիր չեն ներկայացնի, ինչպես նաև առաջին հինգ տարվա ընթացքում հայտարարագրումից կազատվեն արտերկրից ստացվող եկամուտները:

Եկամուտները թաքցնելու համար պատասխանատվության միջոցները դեռևս չեն  քննարկվում, քանի որ ըստ  ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի՝ ներկայումս իշխանության համար կարևորը բնակչության իրական եկամուտների մասին գոնե մոտավոր պատկեր կազմելն է։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք համակարգի ներդրման առաջին քայլը չպետք է լիներ պոտենցիալ հայտարարատուի մինչ այդ ունեցած դրամական միջոցների  և գույքի  հայտարարագրումը,  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ այս փուլում համընդհանուր  հայտարարագրերի նպատակը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է,  այլ՝ «մեր իրական եկամուտների մասին  «պատկեր» ստանալը»։

Համընդհանուր հարկային հայտարարագրեր ներկայացնելիս` հնարավոր կլինի ստանալ հարկային կրեդիտներ (վերադարձ) ուսման և բուժման ծախսերի դիմաց, ճիշտ այնպես ինչպես հիմա` հիփոթեքի մարումների դիմաց։ Ի դեպ, առողջապահության մասով քաղաքացիները չեն կարողանա միաժամանակ ստանալ և՛ բուժման ծախսերի հատուցում, և՛ առողջապահության ապահովագրության պետական համաֆինանսավորում։

Արման Պողոսյանը վստահ է, որ հարկային տեխնիկապես հայտարարագրերի ներկայացումը հնարավորինս հեշտ կլինի,  քանի որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով լրացվելու է հարկային մարմնի տրամադրության տակ առկա հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

ՊԵԿ–ն արդեն ապահովել է տվյալների բազաների միացում` այն գերատեսչությունների հետ, որոնք այս կամ այն կերպ կապված են քաղաքացիների եկամուտների և գույքի հետ. սոցապահովության ծառայության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՆԳՆ-ի ենթակայության տակ գտնվող ավտոմեքենաների տվյալների բազայի, ինչպես նաև` բանկերի տվյալների հետ։  Դրա շնորհիվ եկամուտների հայտարարագիրը ավտոմատ կլրացվի միջինու 80%-ով, և քաղաքացիները ստիպված կլինեն ձեռքով լրացնել միայն մնացած 20%-ը: