Հնդկաստանը մտադիր է արգելել շաքարավազի արտահանումը արտադրության ծավալի նվազման պատճառով․ Wion

Հնդկաստանի կառավարությունը նախատեսում է արգելել շաքարավազի արտահանումը նրա արտադրության նվազման պատճառով եւ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ գնաճային ճնշումները կանխելու համար, հաղորդում է Wion հեռուստաալիքը՝ հղում անելով Հնդկաստանի կառավարության աղբյուրին։

«Ներկայումս շաքարավազը բավարար է 27,5 մլն տոննա սպասվող ներքին պահանջարկը բավարարելու համար, սակայն այս տարվա նահանգային ընտրություններից եւ հաջորդ տարվա Լոկ Սաբհայի ընտրություններից առաջ, կառավարությունը չի ցանկանում ռիսկի դիմել», - ասել է կառավարության աղբյուրը։

Ըստ տեղեկությունների՝ մի խումբ նախարարներ խորհուրդ են տվել գործարաններին դադարեցնել շաքարավազի ուղարկումը արտասահման, հայտնել է հեռուստաալիքը:

Սպառողների հարցերով դեպարտամենտի վիճակագրության համաձայն, ուրբաթ Հնդկաստանում շաքարավազի միջին մանրածախ գինը կազմել է 42,24 ռուփի մեկ կիլոգրամի դիմաց, ինչը մի փոքր ավելի է մեկ տարի առաջվա 41,31 ռուփիից: Սպասվում է, որ 2022-23 գյուղատնտեսական տարում (հոկտեմբեր-սեպտեմբեր) պետությունը 32,7 մլն տոննա շաքարավազ կարտադրի՝ նախորդ գյուղատնտեսական տարվա 35,9 մլն տոննայի դիմաց։

Շաքարավազի արտահանման վիճակագրության համաձայն՝ այս տարի Հնդկաստանից Բանգլադեշին  վաճառվել է առավելագույնը 631 հազար տոննա շաքարավազ։ Ջիբութին, Իրաքը, Սոմալին, Սուդանը, Ինդոնեզիան, Շրի Լանկան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Լիբիան, Աֆղանստանը, Կամերունը եւ Հորդանանը մի քանի այլ կարեւոր ներմուծողներ են:

Աղբյուրը՝   news.am