Ովքե՞ր կարող են դառնալ Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակի ծրագրերի շահառու

Ովքե՞ր կարող են դառնալ Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակի ծրագրերի շահառու

Հայաստանում միջին մասնագիտական և բարձրագույն կրթությամբ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Չնայած այս փաստին՝ աշխատաշուկան զբաղեցնում են ավելի շատ տղամարդիկ: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կատարած ուսումնասիրության համաձայն՝ կանանց տնտեսական ակտիվության ցածր մակարդակի պատճառով Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան կրում է առնվազն 50-60 մլն դոլարի վնաս։

Աշխատաշուկայում, բիզնեսում կանանց մասնակցության խթանման համար պետությունն իրականացնում է մի շարք ծրագրեր։ Այդուհանդերձ, տնտեսությունում կանանց մասնակցության ցուցանիշները դեռևս բավարար չեն։ Այդ նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համաֆինանսավորմամբ ստեղծվում է Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակ։ (https://ejc.am/hy/article/2160)

Այն հնարավորություն կտա խթանել կանանց ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը` տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում։

Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակի աշխատանքների վերաբերյալ ejc.am-ը զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանի հետ։

-Խնդրում եմ ավելի մանրամասն ներկայացնել Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակը։

-Մեր նպատակն էր ստեղծել մի ինստիտուցիոնալ կառույց, որը հնարավորություն կտա բարձրացնել կանանց մրցունակությունը աշխատանքի շուկայում, հնարավորություն տալ ձեռք բերել գործարար հմտություններ և զարգացնել նրանց կարողությունները բիզնեսում։

Առաջին խմբում նախատեսվում է ընդգրկել բիզնես կարողություններ ունեցող շուրջ 205 կանանց, որոնք ցանկանում են ձեռներեցությամբ զբաղվել, կամ արդեն ունեն բիզնես և նպատակ ունեն այն ընդլայնել, զարգացնել բիզնես գիտելիքներն ու հմտությունները։

Երկրորդ խումբը զբաղվելու է կանանց շրջանում աշխատունակության բարձրացմամբ, ուսուցանելու է այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում։ Այս խմբում կընդգրկվի 250 կին, որոնց կօժանդակեն նաև աշխատանք գտնելու հարցում։

Զուգահեռաբար ներդրվելու են այլ մեխանիզմներ, օժանդակ ծառայություններ, որոնք կնպաստեն կանանց տնտեսական ինտերգրմանը։ Օրինակ, դրանցից մեկը կարող է լինել երեխայի խնամքի ծառայությունը։ Ամենակարևորն այն է, որ բոլոր ուղղությունները միտված են լինելու բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում կանանց ներգրավմանը, ինչը, բնականաբար, իր հետևից կբերի ավելի բարձր աշխատավարձ, ավելի կայուն զբաղվածություն։

Մենք երկու հետազոտություն ենք իրականացնում, ուսումնասիրում ենք այն ոլորտները, այն ուղղությունները, որտեղ կանանց ձեռներեցությամբ զբաղվելը և աշխատանք ունենալը ենթադրում է բարձր արտադրողություն։

-Կա՞ն տարիքային սահմանափակումներ, թե բոլորը կարող են դիմել ու ձեռք բերել նոր կարողություններ։

-Ծրագիրը մեկ տարով է, սակայն իմաստն այն է, որ ստեղծվի մի մոդել, որը շարունակական կլինի թե՛ գործընկերների, թե՛ կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ։ Նպատակն այն է, որ ծրագիրն ընդալայնվի և հետագայում դառնա ոչ միայն կանանց, այլ, ընդհանրապես ձեռներեցության խթանմանը, աշխատաշուկայում ներգրավմանն ուղղված գործիք։

Ինչ վերաբերում է տարիքային սահմանափակմանը, չեմ կարծում, որ սահմանափակումներ կլինեն, բայց հստակ չափանիշները, թե ովքեր կարող են մասնակցել  ծրագրին, այս պահին մշակման փուլում է։

Առհասարակ,  ծրագրին կարող են մասնակցել բոլոր կանայք։ Աշխատաշուկայում մենք ունենք ռեսուրսների խնդիր, ու դա ակնհայտ է կանանց շրջանում։ Վիճակագրության համաձայն՝  կանայք ավելի շատ են ընդգրկված մասնագիտական կրթության մեջ, ավելի շատ բուհեր են ավարտում, սակայն նրանց շրջանում գործազրկությունը և տնտեսական պասսիվությունը շատ մեծ թիվ է կազմում։

Սովորած կանանց կեսից ավելին չի աշխատում և չի էլ փնտրում աշխատանք, ցանկություն չունի։ Սա նշանակում է, որ հավելյալ խթանների ստեղծման կարիք կա, քանի որ աշխատաշուկայում կանանց չընդգրկվածության պատճառով  ՀՆԱ-ն մեծ կորուստներ է ունենում։

Մյուս կողմից էլ կանայք չեն մասնակցում աշխատաշուկայում մի շարք պատճառներով՝ ընտանիքի, երեխայի խնամքի, մոտիվացիայի պակասի և այլն։ Ուստի առաջին նպատակն այն միջավայրի ստեղծումն է, որտեղ նրանք կկարողանան ներկայացնել իրենց մասնագիտական կարողությունները։ Բնականաբար, տնտեսության վրա դրական ազդեցություն է ունենալու կանանց ներգրավածությունը աշխատաշուկայում, քանի որ ունեն մարդկային լավ կապիտալ։

Իհարկե, այս ամենը պետք է խելացի ձևով կազմակերպել, որպեսզի դա չխաթարի կանանց այլ նպատակների իրականացմանը։ Զուգահեռ մենք ունենք դեմոգրաֆիական խնդիր, մշակում ենք ժողովրդագրության ռազմավարություն, ծնելիության խթանման տարբեր ծրագրեր են իրականացվում։ Ուստի, պետք է այնպիսի միջավայր ստեղծել կանանց համար, որ կարողանան ցանկության դեպքում և՛ աշխատել, և՛ ընտանիք ստեղծել, և՛ երեխաներ ունենալ, այսինքն՝  աշխատանքն ու ընտանիքի անդամների խնամքը կարողանան համադրել։

-Ուսումնասիրություններ կա՞ն, թե այլ երկրներում իրավիճակն ինչպիսին է։

-Կան գենդերային խզվածքի բազմաթիվ ինդեքսներ՝  կանանց տնտեսական, քաղաքական մասնակցության վերաբերյալ։ Հայաստանն այնքան էլ լավ դիրքերում չի գտնվում՝ հատկապես քաղաքական մասնակցության, ղեկավար պաշտոններում կանանց մասնակցության առումով։   Այս պահին միջազգային փորձն է ուսումնասիրվում, որպեսզի հասկանանք, թե որոնք են այն լավագույն գործիքները, որոնք կկարողանանք կիրառել նաև Հայաստանում՝ փորձելով առավել մեծ թվով կանանց ընդգրկել բիզնեսում, աշխատաշուկայում։

Իրականում Հայաստանում կանայք ունեն մեծ ներուժ, սակայն բիզնեսում գործունեություն ծավալելու համար դժվարություններ են ունենում, երբեմն ինքնավստահության կամ ռիսկի պակասն է։

-Նշեցիք, որ կանայք ունեն մեծ ներուժ, սակայն հաճախ դժվարանում են ինքնուրույն բիզնես սկսել՝ կապված ֆինանսական միջոցների, ռիսկի դիմելու հետ, նաև կա իրազեկվածության խնդիր։ Արդյո՞ք հարթակը կօգնի այդ կանանց բիզնես գիտելիքներ ձեռք բերել և արդյունք ստեղծել։

-Կան բավականին հետազոտություններ, թե կանանց ներգրավումը բիզնեսում ինչպիսի արդյունքներ է ունենում։ Զարմանալիորեն Հայաստանում կանայք ավելի մեծ ռիսկի են պատրաստ դիմել, քան տղամարդիկ՝ բիզնես գործունեություն ծավալելու հարցում։ Ուստի բիզնես սկսելու առումով կանայք խնդիր չունեն, բայց ավելի մեծ խնդիր ունեն բիզնեսը մեծացնելու, հետագա զարգացումն ապահովելու հարցում։

Բնականաբար, խնդիրներ կան իրազեկվածության առումով, իրենց արտադրանքը արտահանելու հետ կապված և այլն։ Այս հարթակն ուսումնասիրել է այդ բոլոր խնդիրները և ամեն մանրուք հաշվի ենք առնելու։ Նախատեսվում է բիզնեսի վերաբերյալ ոչ միայն սկզբնական գիտելիք տալ, այլ նաև որոշակի ֆինանսավորման մեխանիզմներ մշակել, որպեսզի անհրաժեշտության դեպքում բիզնեսում ներդրումներ կատարելուն աջակցենք։ Բոլոր խնդիրներին տեղյակ ենք, հիմա մնում է ճիշտ մեխանիզմներ մշակել և ներդնել։

- Կանանց ու տղամարդկանց պարագայում բիզնեսին աջակցությունը տարբերություններ և առանձնահատկություններ ունի՞:

-Իհարկե, կան առանձնահատկություններ, քանի որ ինչպես նշեցի՝ կանայք ավելի հակված են սկսել բիզնես, բայց խնդիրներ են ունենում այն զարգացնելու հարցում։ Դրանք հիմնականում կապված են ֆինանսների հասանելիության հետ, բացի այդ, երբեմն կանանց համար դժվար է բիզնեսն ընդլայնել երեխաների խնամքի, ընտանեկան դրության պատճառով։  Այս ամենը հաշվի առնելով ենք նաև մեխանիզմները մշակում։

-Կարո՞ղ եք տվյալներ ներկայացնել, թե ո՞ր ոլոտներում են կանայք առավել ակտիվ և Հայաստանում քանի՞ կին է աշխատանք փնտրում՝ բարձրագույն կրթությամբ։

-Աշխատուժի մեջ ներառված կանանց տեսակարար կշիռը կազմում է 46.3%, այսինքն՝ կանանց կեսից ավելին չի աշխատում ու չի էլ փնտրում աշխատանք։ Գործազրկությունը շատ բարձր է հատկապես երիտասարդ կանանց շրջանում՝ 45%, ինչը հասկանալի է՝ կապված է երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելու հետ։

Կանանց 60%-ն աշխատում է միայն երեք ոլորտներում՝ գյուղատնտեսություն, կրթություն և առողջապահություն, որտեղ աշխատանքի արտադրողականությունը ցածր է, բնականաբար, ցածր է նաև վարձատրությունը։ Դրա համար կանայք ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ, եթե նայում ենք միջին աշխատավարձին։ Նշեմ նաև, որ միջին մասնագիտական կրթությունում կանայք 1,24 անգամ ավելի շատ են ընդգրկված, քան տղամարդիկ, բարձրագույն կրթության առաջին աստիճանում կանայք 1,27 անգամ ավելի շատ են, քան տղամարդիկ։ Նույնը վերաբերում է բարձրագույն կրթության երկրորդ աստիճանին, որտեղ 2,24 անգամ ավելի է կանանց ներգրավածությունը։ Սա փաստացի ապացուցում է, որ կանայք ավելի լավ մարդկային կապիտալ ունեն, մինչդեռ այն չի իրացվում աշխատաշուկայում։

 

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ կանանց աշխատուկայում չմասնակցության արդյունքում ՀՆԱ-ն շուրջ 14%-ով կորուստ է ունենում։