ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետներն իրականացրել են Մեղրաձոր համայնքի կամավորների որակավորման գործընթացը

Մեղրաձոր բնակավայրում հիմնված կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը, որը շուտով կգործի, արդեն ունի 13 որակավորված փրկարար։ Մեղրաձոր համայնքի կամավորների որակավորման գործընթացն իրականացրել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ նախագահ՝ փ/ծ գնդապետ Մարտին Գաբրիելյան, անդամներ՝ փ/ծ փոխգնդապետ Դավիթ Ոսկանյան և Հովհաննես Աղայան։ Արդյունքում 13 կամավորներ ստացել են «փրկարարի» որակավորում։ Այս պահին ընթանում են քննական արդյունքների ամփոփման աշխատանքները և ՀՀ ՆԳ նախարարի համապատասխան հրամանի կազմումը։
Նշենք, որ Մեղրաձորի հրշեջ-փրկարարական հենակետի հիմնումը հնարավոր է դարձել «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ-ի շնորհիվ՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության ծրագրի շրջանակներում։
Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել Մեղրաձորի և հարակից համայնքների դիմադրողականությունը՝ ստեղծելով կամավորական բազա՝ հրդեհներից և այլ արտակարգ իրավիճակներից բնակչությանը պաշտպանելու համար։ Ծաղկաձոր խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 6 գյուղերը, ընդհանուր առմամբ շուրջ 6000 բնակչություն ունեն։ Այս համայնքն առանձնանում է բարձր հրդեհավտանգությամբ՝ ունենալով անտառածածկ և խոտածածկ տարածքներ։
Համայնքի բնակավայրերը հեռու են մոտակա՝ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 16-ից 30 կմ հեռավորության վրա։ Այդ պատճառով արտակարգ դեպքերի ժամանակ, հրշեջ-փրկարարների հասնելը տեղ հաճախ ուշանում է, ինչը կարող է ճակատագրական լինել։ Նոր ստեղծվող կամավորական հենակետը նախատեսված է հենց այս խնդիրը լուծելու համար՝ ապահովելով օպերատիվ արձագանք և նվազեցնելով հնարավոր կորուստները։
Ծրագրի հաջող իրագործման համար պատասխանատվություն են ստանձնել ինչպես Ծաղկաձորի համայնքն, այնպես էլ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է կամավորների վերապատրաստման ծրագիրը և հենակետին հատկացրել է հրշեջ-մեքենա։ Համայնքն իր հերթին կտրամադրի անհատական պաշտպանության միջոցներ, գույք, սարքավորումներ և կկահավորի հենակետը։
Այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստում է Մեղրաձորի և հարակից համայնքների բնակչության անվտանգության բարձրացմանն, այլև դառնում է կամավորական կառույցների զարգացման հաջողված օրինակ։