Նախիջևանից Իրան ու ոչ միայն՝ երկաթուղով․ հայկական կողմում հաշվարկներն ավարտված են

Նախիջևանից Իրան ու ոչ միայն՝ երկաթուղով․ հայկական կողմում հաշվարկներն ավարտված են

 Երկաթուղու վերագործարկումը Հայաստանի համար մոտ 500 մլն դոլար կարժենա։ Հայկական կողմում տնտեսական հաշվարկներն արդեն պատրաստ են  Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի- Հորադիզ երկաթգծի կառուցման հարցն է։ Երկաթուղին   ՀՀ տարածքում պետք է գործի Հայաստանի, Ադրբեջանի տարածքում` Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ Քաղաքական պայմանավորվածություն կա՝ դեռ փետրվարին էր հայտարարել Հայաստանի վարչապետը։

Հայկական կողմում նաև տնտեսական հաշվարկներն են ավարտված։ Ստեղծված աշխատանքային խումբն, ըստ էության, իր աշխատանքներն ավարտել է։ «Ապաշրջափակման օրակարգում, թե ավտոմոբիլային, և թե երկաթուղային տրանսպորտի գործարկումն է»,–  ejc.am–ի հետ զրույցում ասում է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նա  2021թ հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունն է հիշեցնում (https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Haytararutyun2.pdf)։ Ստեղծված աշխատանքային խումբն առաջին հանդիպման ժամանակ  երկու ենթախումբ էր ստեղծել։  Դրանցից մեկը երկաթուղու, մյուսն էլ՝ սահմանային ու ֆիտոսանիտարիայի հարցերով էր զբաղվելու։ Ենթակոմիտեներից մեկի ղեկավարը ՏԿԵ փոխնախարարն էր՝ Արմեն Սիմոնյանը։ Հենց նրանք են ուսումնասիրել, հաշվարկներ կատարել։ Երասխից դեպի Նախիջևան  հատվածի վերականգնումն  ամենաէժան  հատվածն է։ Այն   թույլ կտա երկաթուղային կապ  հաստատել Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ «Մեր հատվածը մոտ 5 մլն դոլար էր գնահատվել, Ադրբեջանի հատվածը՝ 6 մլն դոլար,– ասում է ու նշում, որ, ընդհանուր առմամբ, ծախսելով 11 մլն դոլար, հնարավորություն է   ստեղծվում երկաթուղային  կապ հաստատել Նախիջևանի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ։  Սյունիքում ծախսն ավելի շատ կլինի՝  Մեղրիի ՝ 45 կմ հատվածի վերականգնումը գնահատվել է  200–235 մլն դոլարին համարժեք դրամ։ Հրազդանից դեպի  Իջևան, այստեղից էլ՝ Ղազախ, ուղղությունը մոտավորապես կես մլրդ դոլարին համարժեք դրամ է գնահատվել։ Սիմոնյանի խոսքով՝ այստեղ է գտնվում  83 կմ երկարությամբ Մեղրաձորի վթարային թունելը, որի վերակառուցման համար  մոտ 200 մլն դոլար կպահանջվի։ Բացի այդ  Տավուշի մարզում՝ Հաղարծինի մերձակայքում,երկաթուղու հատվածում  500 մետր երկարությամբ սողանքային գոտի կա։ Այն նույնպես պետք է վերացնել։  Ենթակոմիտեն հաշվարկել է նաև Գյումրիից Կարս (տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին է խոսքը՝ ասում է Սիմոնյանը )  երկաթուղու վերագործարկման գումարը։ Մոտ 16 մլն դոլար կծախսի հայկական կողմը։ 

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ  է գործում  տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խումբ։ Ավելի վաղ աշխատանքային խմբի ռուս համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել  էր, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից մինչև 5 մլրդ դոլար ներդրումների ներհոսքի համար։

     Երկաթուղուց բացի վերականգնել նաև կայարանները

Երկաթուղային վետերանների միության նախագահ Լևոն Գրիգորյանը, ով երկաթուղային աշխատանքի բազմամյա փորձ ունի, ejc.am–ի հետ զրույցում նկատում է՝ բացի երկաթգծից, կան նաև կայարաններ, որոնք պետք է վերականգնվեն։ Դրանցից երկուսը հանդիպակաց գնացքների, մյուս երկուսը՝ բեռների  բացթողնման համար են նախատեսված։ Օրինակ էլ կա՝   «Կարճևանի և Մեղրիի կայարանները կարող են աշխատել։ Մենք կունենաք բեռնաբարձում և բեռնաթափում։  Եթե Նախիջևանը բացվի, ի դեպ, այն կարող է շատ արագ բացվել, Կարճևան կայարանը նույնպես կարող է բացվել, անմիջապես կարող ենք բեռնաբարձում անել»։

Անվտանգ կլինեն արդյո՞ք փոխադրումները Ադրբեջանի տարածքով

Մասնագետների գնահատմամբ, երկաթուղային փոխադրումն ավելի մատչելի է։ Բայց այս դեպքում անվտանգության բաղադրիչն ամենակարևորն է։  Լեւոն Գրիգորյանն ընդգծում է «Այստեղ    գործում են միջազգային չափորոշիչները օրինակ՝ բեռների մասով, եթե որևէ երկրի տարածքում վնասվում է կապարակնքված բեռը, ապա տվյալ երկիրը վճարում է դրա համար։ Կապարակնքված բեռն ընդունող երկիրը պարտավոր է  այն հաջորդ երկրին նույնությամբ հանձնել։   Եթե բեռը պակասի, այլ խախտումներ լինեն, պետք է տուգանք վճարեն։ Որևէ երկրի  դա ձեռք չի տալիս»։

Մասնագետները համոզված են, եթե քաղաքական խնդիրները լուծվեն, ապա ապաշրջափակումն ընդհանրապես,երկաթուղու գործարկումը՝ մասնավորապես, Հայաստանի տնտեսության օգտին է լինելու։ Կարծում են, որ կակտիվանան ներմուծումն ու արտահանումը,  քանի որ ավելի հեշտ կլինի ապրանքների արտահանումը, իսկ գինն ավելի ցածր կլինի՝ ապրանքները ՌԴ-ից դեպի ՀՀ ու այստեղից դեպի Իրան արտահանելը։ Միևնույն ժամանակ հիշեցնում են, որ   ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ պետություն է, ըստ էության ՀՀ սահմանը վերաբերում է մաքսային միության սահմանին։ Սա նաև շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա ավելի մատչելի գնով ապրանք արտահանել դեպի Ադրբեջան ու ԵԱՏՄ անդամ այլ երկրներ։

Բայց հայկական կողմում նաև մտավախություններ կան չի բացառվում, որ երկաթուղու  վերականգնումից հետո Ադրբեջանը խոչընդոտներ ստեղծի այն գործարկելու համար։