«Այգի՝ այգու դիմաց», «գործարանի՝ դիմաց գործարան»․ Արցախում նոր այգիներ են հիմնվում

«Այգի՝ այգու դիմաց», «գործարանի՝  դիմաց գործարան»․ Արցախում նոր այգիներ են հիմնվում

 

 Շրջափակված Արցախում խաղողի այգիներ են հիմնվում։ Գործարար Սամվել Գրիգորյանը,գիտակցելով Արցախում ներդրումներ անելու կարևորությունն այս անգամ  ընկերոջ հետ Ծաղկաշատ համայնքում է այգիներ հիմնում։«Այգի այգու դիմաց», «գործարանի՝ դիմաց գործարան» այս սկզբունքով  են սկսվել աշխատանքները։ Նախկին այգիներն ու գինու գործարանը  Հադրութի շրջանի Տող և Մեծ թաղեր համայնքներում էին, որտեղ 7  տարի զբաղվել են խաղողագործությամբ՝ ստեղծելով 250 աշխատատեղ։  Ունեին 300 հազար խաղողի վազից բաղկացած  այգի, աճում էր   խաղող 21 տեսակ։ 20–ը՝ ֆրանսիական, իսպանական, իտալական, 1–ը՝ տեղական խնդողնին։

 Ինչու՞   Արցախում

 Սամվել Գրիգորյանն այս պահին Ստեփանակերտում է ապրում։ Պատմում է«Ես  ծնվել եմ Արցախում, հայրս ծնվել  է Արցախում, երեխաս էլ է ծնվել Արցախում, թոռս էլ՝ Արցախում կծնվի։ Ինչո՞ւ ենք ընտրել Արցախը։ Նախ` մեր հայրենիքն է։ Բացի այդ,   աշխարհում խաղողագործության համար նման բարենպաստ աշխարհագրական դիրք  ունեցող  մի քանի տեղ կա, մեկը Արցախում է։ Դա ես չեմ ասում, դա ասում է մեր ֆրանսիացի մասնագետը» Ֆրանսիացին զարմացած է, որ  նման տարածաշրջան գոյություն ունի։ Այն բացահայտված չէ, բայց խաղողագործության զարգացման համար նման ներուժ ունի» ։

 

 Հեշտ չէր,  բայց անհրաժեշտ էր՝ զրոյից նորից սկսելը

44–օրյա պատերազմից հետո 250 մարդ գործազուրկ է դարձել։  Սամվել Գրիգորյանը ejc.am-ին պատմում է, որ  նախկին աշխատակիցները հաճախ էին հարցնում՝ ի՞նչ անեն, ո՞նց անեն։ «Ես ու ընկերս որոշեցինք,որ պետք է վերականգնել  խաղողի այգիները։ Նույնը մեզ նաև Արցախի ղեկավարությունն առաջարկեց»։  Ներդրումային 35 մլն դոլար ծրագիրը կֆինանսավորի Արցախի կառավարությունը։  Արցախի իշխանություններն անգամ  տարածքի ընտրության հարցն են  թողել  գործարարին ։ Ֆրանսիացի մասնագետն ընտրել է Ծաղկաշատը։ Ընդհանուր տարածքը  մոտ 40 հա է։ 14 հա–ն՝ այգիներն են ու ճանապարհը։  Գումարը կտրամադրվի երեք փուլով՝ առաջին փուլում  100 հազար վազ ունեցող այգու համար, երկրորդ  փուլում  ևս այդքան  վազ կտնկվի։  Իսկ արդեն երրորդ փուլում՝  300 հազար շիշ հզորությամբ գինու գործարանը կսկսի աշխատել։

 

Լուսանկարները՝ Ս․ Գրիգորյանի ՖԲ էջից