Տնտեսական հարաբերությունները՝ խաղաքարտ Թուրքիայի համար

Հայ-թուրքական սահմանի բացումը ոչ այնքան տնտեսական, որքան  քաղաքական բաղադրիչ ունի։ Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանն արձանագրում է՝   30 տարի   սահմանը փակ է, բայց թուրքական ապրանքները  Հայաստանյան շուկայից չպակասեցին անգամ 44–օրյա պատերազմից  հետո, իհարկե, փոքր-ինչ նվազեցին։  2020թ․–ի վերջից  Հայաստանը երկու անգամ վեց ամսով էմբարգո կիրառեց թուրքական ապրանքների նկատմամբ, բայց անգամ այդ դեպքում ստվերային ճանապարհով ապրանքների ներմուծումը, երբեմն նաև արտահանումը շարունակվեց։ Վիճակագրական տվյալները մեջբերելով տնտեսագետն ընդգծում է՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև  առևտրաշրջանառությունը տարեկան մինչև 270 մլն դոլարի է հասնում։ 2022թ․–-ին Թուրքիայից Հայաստան է ներմուծվել մոտ 263 մլն դոլարի, արտահանվել է 61 մլն դոլարի ապրանք։ Արտահանման մեջ գերակշռողը թանկարժեք քարերն են ու հատկապես ոսկին։ Անցյալ տարվա վիճակագրությունը, ստվերային ճանապարհով կատարված առևտրաշրջանառությունը փաստում է՝ այսպես թե այնպես երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը զարգանում է։  Տնտեսագետը հիշեցնում է, որ այստեղ առյուծի բաժինը ներմուծմանն է։ Եզրակացնում է՝  բիզնեսը համագործակցության անհրաժեշտությունը զգում է՝ չմոռանալով շեշտել ռիսկերի մասին։

Մաքսակետ՝ հայ-թուրքական սահմանին
Կառավարությունը մտադիր է մաքսակետ կառուցել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում, և դրա կառուցման համար նախագծահաշվային աշխատանքներ է պատվիրել։ Որոշման նախագիծը  ներառված էր  կառավարության ապրիլի 21-ի նիստի օրակարգում։ Մաքսակետի կառուցման, նախագծային աշխատանքների ու անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման ընդհանուր արժեքը գնահատվել է  շուրջ 733 միլիոն դրամ։Կամուրջը գործարկման պատրաստ է, այլ   խնդիր է, թե որքանով այն պատրաստ կլինի ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդարանում դեռ ապրիլին հայտարարեց «Կամուրջը պատրաստ  է սպասարկելու, կարող է համապատասխան բեռները, ծավալներն իր վրա կրել։ Եթե ձևակերպենք, ապա կամրջի խնդիրն այն է, որ նեղ է, միակողմանի երթևեկության համար է, լայնությունը այնպիսին է,որ կարող է մեկ մեքենա անցնել»։ 

Գնել Սանոսյանի կարծիքով՝  ապրանքաշրջանառության ծավալների ավելացման  դեպքում   նպատակահարմար է ոչ թե գործող կամուրջը լայնացնել, այլ երկրորդը կառուցել։

 Համաշխարհային տրանսպորտային լոգիստիկային ինտեգրվելը օրախնդիր է Հայաստանի համար
Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը նշում է՝ որքան արդյունավետ ճանապարհների ինտեգրվի Հայաստանը, այնքան ծախսերը կկրճատվեն, մրցունակ ապրանքներ կհայտնվեն հայաստանյան շուկայում։ Սահմանի բացումը միանշանակ նոր հնարավորություն է  բիզնեսի համար։   Բայց  ejc.am –ի զրուցակիցը վստահ է՝ Հայաստանը  չի կարողանա արդյունավետ օգտագործել այն։ Բացատրում է՝ անգամ խորհրդային տարիներին էին բեռնափոխադրումների համար լուրջ խնդիրներ առաջանում։«Կարծում եմ, որ մոտ ապագայում երկրի համար լուրջ դիվիդենտներ չի բերի սահմանի բացումը»,– նշում է։

Բացի կամուրջի թողունակության խնդրից, տնտեսագետը մատնանշում է նաև ամենակարևորը՝ անվտանգության ռիսկերը, որոնց հատկապես պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել։  Ջուլիետա Թադևոսյանի դիտարկմամբ«Այստեղ նաև երրորդ երկրների քաղաքացիների անարգել մուտքն է նախատեսվում։ Պետք է հասկանալ՝ ո՞ր երկրի քաղաքացիների, ինչպիսի՞ կառույցների ներկայացուցիչների մասին է խոսքը։ Վերահսկողական լուրջ գործիքակազմ պետք է գործի՝ և մարդկային հոսքի, և ապրանքների համար»։

Հայ–թուրքական սահմանի բացման տնտեսական օգուտներն ու վնասները
Միջազգային առևտրի հիմնական շարժառիթը օգուտներ  ստանալն է։ Արտաքին տնտեսական  հարաբերության դաշտում պետք է   օգուտ ստանալու մասին մտածել։ Դիտարկելով առևտրաշրջանառության ծավալները՝ տնտեսագետը  ասում է, որ Հայաստանի ներմուծման կշռում Թուրքիան փոքր մաս է կազմում մոտ հինգ տոկոս, բայց առանձին  ապրանքատեսակների մասով՝  ցուցանիշը մոտ 90 տոկոս է՝ բամբակյա գործվածք, ցիտրուս, գյուղմթերք։ Լոլիկն ու վարունգը Թուրքիայից ներմուծվում են անգամ այլ երկրների՝ Իրանի, Ուկրաինայի ծածկագրերով՝ նշում է։

Հումքի ներկրումը անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության համար։  Նույն հումքն այլ երկրներից ներմուծելով՝ ինքնարժեքն է բարձրանում։ Օրինակ՝ ԱՄԷ–-ից ներկրելիս նույն հումքը թանկանում է  մոտ 12 տոկոսով, Չինաստանից՝ ավելի շատ։ Լոգիստիկ խնդիրները փաստի առաջ  են կանգնեցնում։Ուստի հումքի ներկրման մասով գուցե դրական զարգացում լինի։ Բայց, գյուղատնտեսության  այլ ապրանքների գծով ՝  կորուստներն ակնհայտ են, քանի որ մրցունակ չեն։

Ամենառիսկայինը գյուղատնտեսության ոլորտն է
ՉՆայած իրականացվող ծրագրերին ու ծախսվող միջոցներին՝ ոլորտը առաջ չի գնում։ Այստեղ ավելի կշռադատված տնտեսական քաղաքականություն պետք է մշակել՝ կարծում է տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը։ Նշում է՝ գուցե ջերմոցային տնտեսություններում արտադրվող լոլիկի համար ստեղծվեն պայմաններ, որ ինքնարժեքն ավելի ցածր լինի։ «Մենք մասշտաբի ազդեցության վրա չենք կարողանում աշխատել։ Հարցը կարելի է  լուծել մաքսային  արգելանք ու արտոնություն սահմանելով՝ այնպիսի մթերքների գծով, որը մեզ համար կարևոր է, մեր առաջընթացի հիմնական թիրախն է։ Մենք ավելի էժան, մրցունակ ապրանք արտադրելու կարիք ունենք։ Անկեղծ  ասած՝ կարծում եմ դժվար խնդիր է, բայց՝ լուծելի»։  Թեթև արդյունաբերության՝  հագուստի արտադրության ոլորտում Հայաստանը կարող է մրցունակ արտադրանք ստեղծել ՝ կարծում է։

Ավելի շատ քաղաքական, քան ՝ տնտեսական նկատառումներ
Հայկական շուկան Թուրքիային չի հետաքրքրում։ Այս երկիրը պարզապես ցանկանում է   մեծացնել քաղաքական ճնշումները։ Տնտեսական հարաբերությունները խաղաքարտ են Թուրքիայի համար՝ արձանագրում է տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը։ Նա չի բացառում, որ վերջին շրջանում հաճախացած «օդային արգելքները» Թուրքիան նաև «ցամաքային» դարձնի։

 Ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց թուրքական երկնքով դեպի երրորդ երկրներ մեկնող հայկական օդանավերի մուտքն իրենց օդային տարածք արգելելու մասին: Ավելի ուշ նույն պաշտոնյան հայտնեց, որ արգելքը վերաբերում է նաեւ ՀՀ VIP անձանց տեղափոխող օդանավերին՝ նկատի ունենալով, մասնավորապես, ՀՀ կառավարական ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Այս թեմայով՝   

https://ejc.am/hy/article/10579

https://ejc.am/hy/article/9827

https://ejc.am/hy/article/4573