Լրացված․ Վարորդները հանդիպել են «Երևանի ավտոբուս»–ի ղեկավարության հետ. գործադուլը կշարունակվի՞

Ես վստահաբար կարող եմ ասել, որ վաղը ավտոբուսները աշխատելու են Երևանում, հաճախականության խնդիր կարող է ունենանք, բայց եթե պետք լինի մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին, մարդկանց էլ կոչ կանենք տեղափոխել ուղևորներին:

Այս մասին այսօր Հանրային Հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հուսով եմ,որ մարդիկ հասկանում են թե այս գործընթացը ինչու է արվում, սա արվում է, որ բարեվարքության նորմ սահմանենք «Երևանի ավտոբուս»-ում, որը մինչև այս չի իրականացվել»,- ասել է նա:
Դեռևս ժամը 19:00-ի դրությամբ, ըստ մամուլի հրապարակումների՝  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները մտադիր էին դեկտեմբերի 4-ին ևս շարունակել գործադուլը, մինչև որ ավելի վաղ աշխատանքից ազատված 35 վարորդների հարցը լուծվի: Այս մասին լրագրողներին ասել է  վարորդներից մեկը, որը ներկա է եղել ՓԲԸ-ի տնօրենի հետ հանդիպմանը։
Ավելի վաղ  հայտնել էինք, որ ավտոբուսների վարորդներն այսօր առավոտյան գործադուլ են հայտարարել։ Մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտին, բայց ապարդյուն։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Գործադուլ իրականացնելու պատճառով արդեն վարորդներ են ազատվել աշխատանքից։ Սուրեն Գրիգորյանը գործադուլ արած վարորդների գործը քննելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։
«Վաղն էլ աշխատանքի դուրս չենք գա, մինչև վարորդների հարցը չլուծվի»,-ասաց նա:
Գործադուլի մեկ այլ մասնակից նշեց, որ ղեկավարությունը պայման է դրել՝ աշխատանքից ազատված 35 վարորդների հարցը կքննարկենն, եթե մյուսներն առավոտից դուրս գան աշխատանքի: Այս պահին գործադուլ անող վարորդները ցրվել են։